Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/26

Այս էջը սրբագրված է

Է.

Կրիշնան խօսեց.

Իմ վերայ յառելով միտքդ, Եօգա կատարելով, ինձ ուշադիր լինելով՝ լիովին ու ակներև ի՞նչպէս պիտի ճանաչես ինձ. ա՛յդ լսիը այժմ:

Այս գիտութիւնն իր ստորաբաժանումներով պիտի սովորեցնեմ քեզ, որը սովորելուց յետոյ՝ աշխարհում այլ ևս ոչինչ չի մնում սովորելու:

Հազարաւոր մարդկանց մէջ ոմանք միայն ձգտում են կատարելագործութեան . և այդ կատարելագործեալ իմաստունների մէջ հազիւ մէկը ինձ ճանաչում է էութեամբս:

Հողը, ջուրը, կրակը, քամին, օդը, միտքը, բանականութիւնը և Ես. ահա իմ էութիւնը բաժանուած ութը տարրերի:

Սա ստորինն է։ Այժմ ճանաչիր իմ միւս գերագոյն էութիւնը, որ կեանքի սկզբունքն է և որով աշխարհը մնում է:

Իւր ծոցումն են բնակւում համայն էակները. Ես եմ Տիեզերքի արարչութեան գոյութիւնը և լուծումը։

Ինձանից բարձր չկայ ոչ ոք. ինձանից է կախուած ամբողջ այս տիեզերքը՝ ինչպէս մարդարտի շարքերը թելի վրայ։

Քաղցրութիւնն եմ ես ջրերի մէջ, լոյսն իմ Լուսնի և Արեգակի մէջ, օրհներգն եմ բոլոր Վեդաների մէջ, ձայնը օդի մէջ, առնականութիւնը մարդու մէջ։

Մաքուր բոյրը հողի մէջ, շողքն եմ ես կրակի մէջ, կեանքը համայն էակների մէջ, ճգնութիւնն եմ ճգնաւորների մէջ։

Գիտցիր, ով Պրիթա՜յի որդի, թէ ես համայն էակների սերմն եմ անսպառելի, իմաստունների իմաստութիւնն եմ, արիների արիութիւնն եմ:

Հզօրների զօրութիւնն եմ ես՝ կրքից ու ցանկութիւններից ազատ, կենդանի էակների մէջ օրինական սէրն եմ:

Ճշմարտութիւնը, կիրքը և խաւարը գիտցիր թէ ինձանից բայց ես նոցա մէջ չեմ, այլ նոքա իմ մէջ։

Այս երեք որակութեանց եղանակաւորութիւններով ամբողջ աշխարհը պղտորուած՝ չի ճանաչում ինձ իբր նոցա գերագոյնը և անջնջելի:

Իրերի եղանակաւորութեանց այս դիւթութիւնը դժուրանցանելի է. ովքեր ինձ հետևում են, ազատւում են նրանից:

Բայց չարագործները և պղտոր հոգիները չեն կարող ինձ հետևել, ոչ էլ ստորին մարդիկ՝ որոնք խաբւում են հեշտութիւնից և սատանայի բնութիւնից են: