Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/29

Այս էջը սրբագրված է

Այն ճանապարհը, որը անբաժանելի են կոչում վէդայագէտները[1], ուր գնում են անձնիշխան ու կրքից ազատ մարդիկ, որին ցանկանում են Բրահմայի նորընծաները, ահա այդ ճանապաըհը պիտի ցոյց տամ քեզ համառօտակի

Զգայարանների բոլոր դռները վակած, միտքը սրտում կենդրոնացած և կենսական շունչը գլխում, հաստատուն յարատև Եօգայի մէջ։

«Օ՜մ» սրբազան բառը մի և անբաժանելի Բրահմային ուղղելով, իմ վրայ մտածելով, ով մեկնում է թողնելով մարմինը, նա գնում է գերագոյն ճանապարհը։

Ով առանց ուրիշ բանի վրայ մտածելու՝ միշտ ինձ է յիշում անդադար, ես մատչելի եմ նրան. նա յաւիտենապէս միացած Եօգի է:

Ինձ հասնելով՝ նորից այս կորնչական չարալից ծնունդը չեն ստանում այդ մեծ հոգիները՝ որոնք գտել են գերագոյն կատարելութիւնը:

Բրահմայի մօտ են դառնում նորից աշխարհները, ո՜վ Արջունա. բայց ով ինձ է հասնում, նա նորից չի ծնում:

Ովքեր գիտեն՝ թէ Բրահմայի մի օրը հազար դարաշրջան է պարունակում, և մի գիշերը նոյնպէս հազար դարաշրջան, նոքա ճանաչում են օրն ու գիշերը:

Անտեսանելիից են ծագում բոլոր տեսանելիները օրուայ սկզբին, և երբ գիշերը հասնում է, նոքա լուծւում են նոյն անտեսանելու մէջ:

Այսպէս էակների ամբողջութիւնը ծնւում է, նորից ծնւում է. հալւում է, գիշերը հասնելիս ցրւում է, և վերածնում է առաւօտեան։

Բայց այս տեսանելի էակից դուրս, կայ և ուրիշը՝ անտեսանելի և յաւիտենական. ամբողջ էակները կորչում են, բայց նա չի կորչում։

Նա կոչւում է Անտեսանելի և Անբաժանելի. նա գերագոյն ճանապարհն է. նրան հասնողը էլ յետ չի դառնալ, այն տեղ է իմ գերագոյն բնակարանը։

Այս Առնական ուժին հասնում են միմիայն նրան պաշտելով. նրա մէջ հանգչում են էակները. նրանով է այս ամբողջ Տիեզերքը:

Ո՞ր ժամանակ են գնում Եօգիները վերադառնալի կամ անդառնալի կերպով ահա այդ ժամանակը պիտի սովորեցնեմ քեզ, ո՜վ Բհա՜րատայի որդին։

  1. Հնդկաց Ս. Գիրքը՝ վէդան սովորած մարդ: