Բոլոր էակները մտնում են իմ արարչականութեան մէջ Կալպայի[1] վերջը. նրանց նորից Կալպայի սկզբին արձակում եմ ես:
Իմ արարչականութեան մէջ անշարժ, արձակում եմ հետզհետէ էակների այս ամբողջութիւնը առանց իրենց կամքին, միայն իմ արարչական ուժով։
Եւ ինձ այս գործերը չեն կաշկանդում. ես դուրս եմ նոցանից և իրենցից կախուած չեմ։ Իմ կարգադրութեամբ արարչականութիւնը ծնում է շարժական և անշարժ իրերը. և այս պայմանով աշխարհը դառնում է:
Արհամարհում են ինձ անզգամները՝ երբ մարդկային մարմին եմ զդենում, իմ գերագոյն էութիւնը չճանաչելով՝ որ բոլոր արարածների հրամայողն է։
Ջուր յոյսեր, զուր գործեր, զուր գիտութիւն, խելացնորնե՛ր. Ռա՜քշասաների և Ա՜սուրաների[2] խռովարար ուժի տակ են:
Բայց մեծահոգի իմաստունները իմ աստուածային արարչականութեան հետևում են, պաշտում են միայն իմ մասին մտածելով, և ճանաչելով, ինձ իբր էակների անայլայլ սկզբունքը։
Անդադար օրհնարանում են ինձ, մաքառելով ու հաստատուն մնալով իրենց ուխտի մէջ, պատւում են ինձ, պաշտելով և յաւիտենական: Եօգայով ծառայելով:
Ուրիշներ գիտութեան զոհը զոհաբերելով՝ ինձ ծառայում են՝ միութեանս ու պարզութեանս մէջ՝ երեսս դարձրած ամենուրեք։
Ես պաշտումն եմ, ես զոհն եմ, ես մեռելոց պատարագն եմ, ես փրկութեան բոյսն եմ, ես օրհներգն եմ, ես օծումն եմ, ես կրակն եմ, ես մատաղն եմ։
Հայրն եմ ես այս աշխարհի, մայրը, ամուսինը, պապը: Ես վարդապետութիւնն եմ, սրբագործութիւնը, սրբազան Օ՜մը, Ռիգը, Սա՜ման և Եաջուրը։
Ճանապարհը, պահապանը, տէրը, վկան, օթևանը, ապաւէնը, բարեկամը, ծնունդը, ջնջումը, հանգիստը, գանձը, անմահ սերմը։
Ես եմ տաքացնում, ես եմ անձրևը պահում և տեղում. անմահութիւնն ու մահը, էութիւնն ու անէութիւնն եմ ես, ո՜վ Արջունա: