Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/37

Այս էջը սրբագրված է

Կրիշնան խօսեց.

Տե՛ս, ով Պրիթա՜յի որդի, տես իմ ձևերը՝ հարիւրապատիկ ու հազարապատիկ զանազանեալ, երկնային, բազմագոյն ու բազմապիսի։

Տես Ա՜գիտյաները, Վասուները, Ռուդրաները, երկու Աշվինները, Մարուտները. բազմաթիւ անծանոթ այս հրաշալիքները տես:

Ահա իր միութեան մէջ տես այս տիեզերքը շարժական և անշարժ առարկաներով բովանդակուած իմ մարմնի մէջ և ամէն ինչ որ դու տեսնել ես ցանկանում։

Բայց որովհետև դու ինձ չես կարող տեսնել քո մարմնաւոր աչքերով, երկնային աչք կը տամ քեզ և նայիր իմ գերագոյն Եօգային։

Սանջյան խօսեց.

Այսպէս խօսելով մեծ Եօգայի տէր Հարին, ցոյց տուաւ Պրիթա՜յի որդուն իր փառահեղ վեհագոյն դէմքը:

Լի բազմաթիւ աչքերով ու երեսներով, բազմաթիւ սքանչելի երևոյթներով, բազմաթիւ աստուածային զարդարանքներով, երկնային բազմաթիւ զենքեր բռնած։

Աստուածային դրասանգներով ու զգեստներով, երկնային բոյրերով անուշաբուրուած, ամէն բանով հրաշալի, շողշողուն, անհուն, երեսն ամենուրեք։

Եթէ երկնքում յանկարծ ցոլանայ հազար արեգակների բոցափայլութիւնը, կարելի կը լինէր համեմատել այս մեծանձն Աստուծոյ բոցափայլութեան հետ։

Այնտեղ Պանդուի որդին տեսաւ տիեզերքն ամբողջ և միակ ու բազմապատիկ Աստուածների Աստուծոյ մարմնում։

Եւ այն ժամանակ սարսափահար, մազերը կանգնած, հսկան ծռեց իր գլուխը և ձեռքերը միացնելով խօսեց Աստուծուն։

Արջունան խօսեց.

Տեսնում եմ բոլոր աստուածներին քո մարմնի մէջ, ո՜վ Աստուած, ու կենդանի էակների խմբերը, Բրահմա Աստուծուն՝ նստած lotus ծաղկի վերայ, ու բոլոր իմաստուններին ու բոլոր երկնային վիշապներին։

Քո բազմաթիւ բազուկներով, կրծքերով, երեսներով ու աչքերով տեսնում եմ քեզ բոլորովին անհուն երևոյթներով, ոչ վերջ, ոչ միջոց և ոչ սկիզբն եմ տեսնում, ո՜վ տիեզերական տէր, ո՜վ տիեզերական երևոյթ։