Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/40

Այս էջը սրբագրված է

Վեդայագէաները Սօման[1] ըմպելով, մեղքերից քաւուած և զոհը մատուցած՝ ինձ են համարում երկնային ճանապարհը։

Նոքա հասած Ինդրա Աստուծոյ բնակարանը՝ ճաշակում են դրախտում աստուածային սնունդը:

Եւ երբ ճաշակել են այս ընդարձակ երկնային աշխարհից, արժանիքներն սպառած, մահկանացուների աշխարհն են դառնում: Եւ այսպէս երեք օրինագրքերին հետևող մարդիկ՝ երջանկութեան ցանկանալով՝ ենթարկւում են վերադարձների։

Մարդիկ՝ որ առանց ուրիշ բանի վրայ մտածելու ծառայում են ինձ և մնում են միշտ ինձ միացած, Եօգայի երանութիւնն են ստանում ինձանից:

Եւ նոքա՝ որ ուրիշ աստուածութիւնից պաշտելով զոհում են հաւատքով լցուած, նոքա ինձ էլ զոհում են՝ թէև հին օրէնքից դուրս:

Որովհետև բոլոր զոհերն էլ ես եմ՝ հաւաքում, ես եմ ընդունում. բայց նոքա ինձ չեն ճանաչում իմ էութեամբ, կրկին ընկնում են նոքա:

Աստուածապաշտները գնում են Աստուածներին, նախնեաց պաշտողները գնում են նախնիքներին. դիւապաշտները գնում են դևերին. իսկ ինձ պաշտողները ինձ են գալիս։

Երբ մէկը ինձ մի տերև, մի ծաղիկ, մի պտուղ կամ մի հեղուկ է ընծայում իբր պաշտամունք, ես ընդունում եմ իբր սնունդ և բարեպաշտական ընծայաբերութիւն։

Ինչ անում ես, ինչ ուտում ես, ինչ զոհում ես, ինչ տալիս ես, ինչ կրում ես, ո՜վ Կունտիի որդի, նրանից արա ինձ ընծայաբերութիւն:

Բարի թէ չար պտղով՝ գործերի կապանքից դու կազատուիս, և հոգիդ անձնուրաց կերպով միացած Եօգային, ազատ, կը գաս ինձ մօտ։

Նոյնն եմ ես բոլոր էակների համար. ոչ ատելութիւն ունիմ, ոչ սէր. բայց ովքեր պաշտում են ինձ՝ նոքա իմ մէջն են և ես նոցա մէջ։

Նոյն իսկ ամենից յանցաւորը երբ պաշտում է ինձ՝ առանց ուրիշին մատուցանելու իր պաշտամունքը, նա լաւ պիտի համարուի, որովհետև բարի ճանապարհն է բռնում։

Շուտով նա կը լինի արդար, և յաւիտենական հանգիստը կը գնայ։ Ո՜վ Կունտի՜ի որդի, խոստովանի՛ր թէ ինձ պաշտողը չի կորչիլ:

  1. Զոհի ժամանակ բաժանուած ըմպելիքը՝ որ պատրաստւում է զանազան ծաղիկներից եւ այլն։