Խաբեբաների բախտն եմ եմ ես, նշանաւորների շուքը, ես յաղթութիւնն եմ, խորհուրդն եմ, ճշմարտասէրների ճշմարտութիւնն եմ:
Վրչնիի որդոց մէջ Վա՜սուդէվան եմ. Պա՜նգավաների մէջ ինքդ եմ. մենակեացների մէջ Վյա՜սան եմ, բանաստեղծների մէջ Ուշանա՜ն։
Ճգնաւորների ճգնութիւնն եմ ես, կարգապահութիւնն յաղթականների, լռութիւնը գաղտնիքների մեջ, գիտութիւնը իմաստունների մէջ։
Ի՛նչ բեղմնաւորութիւն կայ բոլոր էակների մէջ, այդ ես եմ, Արջունա. որովհետև առանց ինձ գոյութիւն չէ կարող ունենալ ոչ մի բան, շարժական թէ անշարժ։
Վերջ չունին իմ երկնային զօրութիւնները, ո՜վ Արջունա, և ես քեզ պարզեցի մի ամենատկար մասն իմ կատարելութեանց։
Ինչ որ կայ ընտիր, երջանիկ նաև զօրաւոր, դա ծագել է իմ կարողութեան մի նշոյլից։
Բայց ինչո՞ւ քեզ այս բովանդակ գիտութամբ ծանրաբեռնել, ո՛վ Արջունա. երբ ես հանգչեցրի ամէն ինչ իմ անձիս մի մասնիկի վերայ, աշխարհը կազմուեց։
Այստեղ վերջանում է Բհագավադգի՜տա՜յի տասներորդ գլուխը, որի անունն է Գերագոյնի Եօգան։
ԺԱ
Արջունան խօսեց.
Գերագոյն Հոգու գիտութեան վեհագոյն գաղտնիքը, որ դու ինձ բացատրեցիր իմ փրկութեան համար, փարատեց ինձանից իմ մոլորութիւնները։
Որովհետև ընդարձակօրէն լսեցի ես էակների ծնունդն ու վախճանը ո՜վ lotus, ծաղկի աչքերով Աստուած, և քո անկորնչելի մեծանձնութիւնը։
Բայց ես ցանկանում եմ տեսնել, ով վեհագոյն տէր, քո անձնաւորութիւնը, այն ձևով որով նկարեցիր դու, ո՜վ մարդկանց գերագոյնը։
Եթէ դու մտածում ես թէ այս տեսիլը ինձ մատչելի է, ո՜վ Եօգայի տէր, այն ժամանակ ինձ ցոյց տուր քեզ, քո յաւիտենական հոգին: