Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/51

Այս էջը սրբագրված է

Առանց յետին մտքի, մաքուր, ճարտար, անտարբեր, անխռով, բոլոր ձեռնարկած գործերից հեռու և ինձ ծառայող մարդը նոյնպէս իմ սիրելին է:

Ով չի հրճւում, չի ատում, չի տխրում, չի ցաւում, յաջողութեան ու անյաջողութեան մէջ անտարբեր է ինձ ծառայելու համար, նա իմ սիրելին է:

Անտարբեր դէպի թշնամին ու բարեկամը, դէպի պատիւն ու անպատւութիւնը, դէպի ցուրտը, տաքը, հաճոյքն ու ցաւը, ազատ ցանկութիւնից,

Անտարբեր դէպի նախատանքն ու գովասանքը, լռակեաց, միշտ գոհունակ, անտուն, հաստատամիտ, ինձ ծառայող մարդը իմ սիրելին է։

Բայց նոքա որ անմահութեան խնճոյքին, ինչպէս ասացի, մասնակցում են ջերմեռանդ հաւատքով և իմ մասին միայն մտածելով, ահա իմ ամենասիրելի ծառաներս:

Այստեղ վերջանում է Բհագավադգի՜տա՜յի տասներկուերորդ գլուխը՝ որի անունն է Պաշտամունքի Եօգա:


ԺԳ.

Կրիշնան խօսեց.

Այս մարմինը կոչւում է Նիւթ, և ով այդ գիտէ՝ նրան գիտունները կոչում են Նիւթի գաղափար:

Նիւթի գաղափարը ես եմ ամէն նիւթի մէջ էլ. նիւթի և նիւթի գաղափարի գիտութիւնը իսկական գիտութիւնն է իմ համար:

Թէ ինչ է նիւթը, իր յատկութիւնները, իր ձևափոխութիւնները, իր ծագումը, թէ ի՛նչ է միտքը և իր կարողութիւնները — դրանք սովորիր ինձանից համառօտակի։

Իմաստունները շատ անգամ՝ զանազան երգերի մէջ երգել են այս նիւթերն առանձին առանձին, նոյնպէս Բրահմանական սուտրաների մէջ, որոնք խօսում են ու դատում պատճառների մասին։

Էակների մեծ սկզբունքները, եսը, բանականութիւնն ու վերացականը. տասնևմէկ զզայարանները և հինգ զգայութիւնները,

Ցանկութիւնը, ատելութիւնը, հաճոյքը, ցաւը, երևակայութիւնը, հասկացողութիւնը, խորհրդածութիւնը,— ահա Նիւթը համառօտակի իր ձևափոխութիւններով` միասին: