Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/52

Այս էջը սրբագրված է

Համեստութիւնը, անկեղծութիւնը, հեզութիւնը, համբերութիւնը, շիտակութիւնը, ուսուցչի յարգանքը, մաքրութիւնը, հաստատակամութիւնը, անձնիշխանութիւնը,

Զգայութեան մէջ անտարբերութիւնը, անեսասիրութիւնը, ինչպես և ծնունդը, մահը, ծերութիւնը, հիւանդութիւնը, ցաւն ու մեղքը նկատի ունենալը,

Անձնազոհութիւնը, չյարուել զաւակի, կնոջ, տան և այլ իրերի, մշանջենաւոր հոգեկան անտարբերութիւն ցանկալի և անցանկալի բաներում:

Ինձ հետ միշտ Եօգայով միացած հաստատում ու ջերմեռանդ պաշտամունքը, մենաւոր մի վայրում առանձնութիւնը, աշխարհային հաճոյքներից քաշուիլը,

Գերագոյն հոգու յաւիտենական ճանաչողութիւնը, ճշմարտութեան ճանաչողութեամբ ձեռք բերուած հայեացքը, ահա ի՞նչն է կոչւում գիտութիւն. սրա հակառակը տգիտութիւնն է:

Ինչ որ պէտք է գիտենալ ես կը պատմեմ քեզ, որը սովերելով անմահութիւն է ճաշակում մարդ։ Անսկիզբն ու գերագոյն Բրահման ոչ էութիւն է, ոչ անէութիւն։

Ամենուրեք ձեռ ոտք, ումենուրեք աչք, գլուխ ու դէմք, ամենուրեք լսողութիւն, նա մնում է աշխարհում՝ ամեն ինչ ընդգրկելով:

Բոլոր զգայական կարողութիւնները լուսաւորում է նա՝ առանց ոչ մի զգայարան ունենալու. ամէնից անջատ, ամէնքի նեցուկն է նա. առանց եղանակի՝ թափանցում է բոլոր եղանակները:

Էակներից ներս է ու դուրս է, շարժուն է ու անշարժ, իր անօրսութեան պատճասով աննկատելի է թէ՛ հեռուից և թէ՛ մօտից։

Առանց բաժանուելու էակների մեջ՝ բաշխուած է նա նոցա մէջ. էակների տածիչ՝ նրանց նա իր մէջ է ծծում ու արձակում։

Լուսաւորների լոյսն է խաւարից այն կողմ։ Գիտութիւն, գիտութեան առարկայ, գիտութեան նպատակ, ամէնքի սրտումն է նա:

Ահա այս է նիւթը, Գիտութիւնը և գիտութեան առարկան համառօտակի բացատրած։ Իմ ծառան սովորելով սրանք՝ իմ էութեանն է հասնում:

Գիտցիր թէ Բնութիւնն ու Առնական զօրութիւնը՝ անսկիզբն են երկուսն էլ. փոփոխութիւններն և եղանակաւորումները բնութիւնից են ծագում։