Պատուի ու նախատինքի, բարեկամի ու թշնամու մէջ, որ իր բոլոր գործերից հրաժարուած է, նա անցել է Յատկութիւնները:
Ով որ ինձ անփոփոխելի պաշտամունքի Եօգայով ծառայում է, նա այս երեք Յատկութիւններն անցնելով Բրահմայի էութեան հաղորդակցում է:
Որովհետև բնակարանն եմ ես Բրահմայի, ու անայլայլ անմահութեան, ու յաւիտենական արդարութեան, ու անվախճան երջանկութեան:
Այստեղ վերջանում է Բհագավադգի՜տա՜յի տասնըչորսերորդ գիրքը, որի անունն է երեք Յատկութեանց տարբերութեան Եօգա։
ԺԵ.
Կրիշնան խօսեց.
Արմատները բարձր, ճիւղերը ցածր մի թզենի կայ հաւիտենական բանաստեղծութիւններ են նրա տերևները՝ ով նրան ճանաչում է՝ նա վէդայագէտ է:
Դէպի ցածր ու դէպի բարձր տարածւում են իր ճիւղերը, որոնց ոստերը Յատկութիւններն են, ու ծիլերը Զգայութիւնները. դէպի ցածր երկարած արմատներ էլ ունի, որոնք գործերով կապկապում են մարդկանց աշխարհում:
Ոչ նրա ձևն են ըմբռնում այս աշխարհում, ոչ վերջը, ոչ սկիզբը և ոչ տեղը: Երբ մէկը այս հաստարմատ թզենին անտարբերութեան ամուր սրով կտրէ,
Թող այն ժամանակ փնտռէ այն անդառնալի վայրը՝ ուր գնացողը էլ չի դառնում: Դէպի այդ սկզբնական Առնական զօրութիւնը ես եմ առաջնորդում, որից առաջացել է աշխարհի վաղեմի բղխումը:
Նուաճելով հպարտութիւնը, մոլորութիւնը, միտքը յառած Գերագոյն Հոգուն, հեռացրած ցանկութիւնները, ընկճած հաճոյքի և ցաւի կռիւը, գնում է անմոլոր դէպի յաւիտենական ճանապարհը:
Արևը չէ, Լուսինը չէ, Կրակը չէ որ լուսաւորում է այն վայրը, ուր գնացողը էլ չի դառնում. այնտեղ իմ գերագոյն բնակարանն է:
Իմ մի մասնիկս՝ կենսատու և յաւիտենական կեանքի այս աշխարհում իրեն է քաշում միտքը և բնութեան մէջ գտնուած վեց զգայարանները: