Երը մարմին է զգենում կամ նրան թողնում այս Գերագոյն տէրը, իր հետև է վերցնում նրանց իր ընթացքի ժամանակ, ինչպէս քամին որ լցւում է բոյրերով:
Լսելիքը, աչքը, շօշափելիքը, ճաշակելիքը, հոտոտելիքը և միտքը գրաւելով, նա զգայութեանց հետ հաղորդակցում է:
Հեռանալիս, ներկայ լինելիս ու գործելիս էլ պղտոր մտքերը չեն տեսնում նրան այս Յատկութեանց մէջ. տեսնում են միայն նրանք, ովքեր ունին գիտութեան աչքեր:
Ովքեր կատարում են Եօգան, նրան տեսնում են իրենց անձի մէջ ներկայ բայց ովքեր կատարում են ու դեռ չեն կատարելագործուած, ընդունակ չեն նրանց տեսնելու:
Այն լոյսը որ ցոլանում է արեգակից բովանդակ աշխարհի վրայ, այն որ փայլում է Լուսնի ու Կրակի մէջ, գիտցի՛ր թէ դա իմ լոյսն է:
Երկրի մէջ թափանցելով՝ էակներին ես պահում եմ իմ ուժով, սնուցանում եմ խոտերը բոլոր ու դառնում քաղցրահամ սօմա:
Ես ջերմութիւն դառնալով շնչող մարմիններն եմ թափանցում և ներշնչութեան ու արտաշնչութեան միանալով իւրացնել եմ տալիս չորս սնունդները:
Ես բնակում եմ բոլոր սրտերի մէջ. ինձնից են յիշողութիւնը, գիտութիւնը և դատողութիւնը: Բոլոր Վեդաների մէջ ես եմ ճանաչելին. Վեդաների հեղինակ ու վեդայագէտ եմ ես:
Ահա երկու Առնական զօրութիւններն աշխարհում. մին բաժանելի և միւսն անբաժանելի. բաժանելին բոլոր էակների մէջ է, անբաժանելին կոչւում է գերագոյն:
Բայց կայ և մի ուրիշ գերագոյն Առնական զօրութիւն՝ անայլայլ ու գերիշխան, որ Գերագոյն Հոգի է կոչւում, որ երեք աշխարհները թափանցելով պահում է նրանց:
Եւ որովհետև ես գերազանցում եմ բաժանելին ու նոյն իսկ Գերագոյն անբաժանելին, ուստի աշխարհում ու Վէդայում կոչւում եմ Գերագոյն Առնական Զօրութիւն, նա ամենագէտ է և պաշտում է ինձ իր ամբողջ էութեամբ:
Ահա ամենախորհրդաւոր վարդապետութիւնը բացատրեցի քեզ. ով այս գիտէ, իմաստուն է և նրա գործը լրանալու է:
Այստեղ վերջանում ե Բհագավադգի՜տա՜յի տասնըհինգերորդ գլուխը, որի անունն Գերագոյն Առնական Զօրութեան հասնելու Եօգա: