ների և ոչ էլ հանդեպ այն բոլոր ազգային ուժերի, որոնց հետևում կանգնած են դաշնակից պետությունները:
Դրա լավագույն ապացույցն այն է, որ բոլշևիկները, որոնք այնքան անհաշտ և գրգռիչ նոտաներ էին ուղարկում Վրաստատնին, ընդամենը մի ամիս առաջ, երբ լեհացիները և ուկրաինացիները դեռ չէին սկսել իրենց ընդհանուր հարձակողական Ռուսաստանի դեմ, այսօր, երբ Վրաստանին հարևան Ադրբեջանը բոլշևիկյան է դարձել, անհրաժեշտ են գտել հաշտություն կնքելու Վրաստանի հետ, ճանաչել այդ երկրի անկախությունը և գեթ առժամանակ հրաժարվել նրա ներքին գործերի մեջ խառնվելու հավանականություններից:
Բայց միայն վերոհիշյալ իրադարձությունները չեն, որ ստիպում են բոլշևիկներին շտապել հաշտություն կնքելու ոչ միայն Վրաստանի, այլ և բոլոր պետությունների հետ: Պատճառները շատ ավելի խոր են:
Բոլշևիկյան Ռուսաստանի ամենավիրավոր, ամենավտանգավոր և, ես պիտի ասեմ, ճակատագրական կողմը նրա տնտեսությունն է: Այդ տնտեսությունը գտնվում է այսօր, բառից իսկական իմաստով, կատաստրոֆիկ վիճակի մեջ:
Եթե կամենայիք փնտրել այդ օրհասական քայքայման պատճառները, պիտի գտնեիք որ կան չորս գլխավոր պատճառներ. ա. համաշխարհային պատերազմը, բ. բոլշևիկների սոցիալ-տնտեսական խելահեղ «էքսպերիմենտը», գ. գրեթե երեք տարի անընդհատ շարունակվող քաղաքացիական կռիվը, որ միշտ բոլոր պատերազմներից ամենից ավելի արյունոտն ու կորածանարարն է լինում, և վերջապես, դ. այն պաշարման վիճակը, որին ենթարկված է բոլշևիկյան Ռուսիան դաշնակից պետությունների կողմից:
Առաջին պատճառը կատարել էր իր քայքայիչ գործը անկախ բոլշևիկների կամքից և մի տխուր ժառանգություն էր նրանց համար: Բայց մնացած երեք պատճառներն ամբողջովին հետևանք են բոլշևիկների ներգործոն քաղաքականություն:
Խոսենք նախ բոլշևիկների տխրահռչակ սոցիալ-տնտեսական էքսպերիմենտի մասին, որի միջոցով նրանք կարծում էին, թե չիտի իրականացնեն անմիջապես սոցիալիստական կարգերը Ռուսաստանում և իրենց «բարի» օրինակով վարակեն համայն աշխարհը: