Այս էջը հաստատված է


1

Բասենի դաշտը կտրելուց հետո դեպի ռուսաց հողը տանող տարածությունը հանգում է նախ մի երկար կիրճի, որ արևելքից արևմուտք է պարզված, հետո սկիզբն է տալիս Քեոսե–դաղ կոչվող ամեհի լեռնաշղթային։

Լեռնաշղթան իր հովիտների և մացառոտ կողերի մեջ պատսպարում է միմիայն վայրենի կենդանիներ և մարդկային վայրենի ցեղեր։ Ամառը վերևում, ձմեռը ձորերում՝ այդ ցեղերը ավելի անմատչելի են դարձնում լեոնաշղթան։

Անցորդը լեռնաշղթայի մեջ ժամերով ո՛չ մի շնչավոր էակի չէ հանդիպում. ապառաժ, ձյուն, արտուճի մացառներ, սոսկալի անդունդներ, երբեմն սքանչելի վայրենությամբ խորշեր, որոնք խոր, սոսկացնող լռություն են պահում և մի–մի անգամ միայն իրենց խորքերից վեր են վիժում մի գետակի կարկաչ, մի վայրենի թռչունի կծու աղաղակ կամ գայլի ոռնոց։

Այդպես է Քեոսե–դաղը։ Ավելի սոսկալի է նա ձմեռվա ամիսներում, երբ ձյունը միօրինակ սպիտակ սավանով ծածկում է այդ բոլոր վայրենությունը, տեղ-տեղ ցույց տալով ապառաժոտ կողերի սևությունր և տեղ-տեղ էլ որևէ ժայռի սուր ծայրը։ Ով մի անգամ իր կյանքի մեջ փորձել է անցնել այդ կողմերից, նա անշուշտ մոռացած չի լինիլ ահավոր լեռնաշղթան։

Այդտեղ էր ահա, լեռնաշղթայի գլխավոր գագաթից ոչ հեռու, որ մի ցուրտ ու մութ գիշեր, բլուրն ի վեր էր մագլցում մի ճանապարհորդ։

Մենակ, հրացանը գավազանի տեղ գործածելով՝ ծանրաքայլ