Այս էջը հաստատված է

համար․․․ պահպանել նրան, նրա կողքին լինել միշտ, ապրել, շնչել նրա օդը, նրա սիրով կյանք վայելել…

Թռչում էր փոսերից առանց կանգ առնելու․ բարձրանում էր, սահում էր սառած ձյուների շերտերի վրայից։

Գյուղը ետ մնաց, շների ձայները անլսելի դարձան։ Եվ մութն էր․ ձյունի սպիտակությունն էր միայն, որ ցույց էր տալիս ոտքերի երկար հետքը։

Պետոն տեսել էր այդ և հետևում էր։ Հրացանը ուսին՝ ոչ հետ էր նայում, ոչ կողքին։ Գնում էր և երազում։ Երազում էր Նազիկի հրճվանքը իրեն տեսնելիս… Արդյոք ո՞վքեր էին խմբի մյուս անդամները․ ողջ կլինե՞ր Նազիկի պառավ խիստ մայրը․ էլի չէր թողնի՞լ, որ Նազիկին մոտենա, նրա հետ երկար խոսի, այդտեղ էլ․․․

Եվ վազում էր, կտրում տարածությունը։ Մտել էր մի պուրակի մեջ, որ ծածկում էր Քեոսե-դաղի այդ կուրծքը։

Անցե՞լ էր արդյոք կես-գիշերը։ Հանկարծ կանգ առավ Պետոն և ինքն իրեն այդ հարցը տվավ։ Երկինքը միապաղաղ սև, ոչ մի աստղի նշույլ չկար։ Եվ եթե նա պարզ տեսնել էր սկսում նույնիսկ ժայռերն ու գագաթները՝ այդ իր աչքերի մթության վարժվելուցն էր։

Շրջանը վերջանալու վրա էր և, բարձրացած մի բլրակի վրա, դեպի ցած էր ուզում իջնել, երբ հանկարծ ձախ կողմից մի կրակ կանգնեցրեց նրան։

Ներքև, առապարի մացառուտների մեջ վառվում էր մի խարույկ․ նրա լույսը լուսավորում էր բավական մեծ շրջան, իսկ շրջանի մեջ երբեմն երևում էին մարդկային ստվերներ։

Նոքա՞ էին արդյոք, թե նորից քուրդեր։

Պետոյի սիրտը տրոփել սկսեց․ մի՞թե այդպես շուտ հասել էր, պիտի տեսներ Նազիկին։

Ուրախությունը երկար չտևեց սակայն․ մի անհասկանալի տխրություն համակեց նրան։

Ինչու էին կանգ առել ուրեմն։ Դժբախտությո՞ւն էր պատահել, մեկը մեռե՞լ էր, ցա՞ծ էր ընկել, կանանցի՞ց էր, Նազիկը չէ՞ր։

Քարացել էր, ինքն էլ չգիտեր ինչու․ ոտներն այլևս դժվարանում