Այս էջը հաստատված է

Ու գլուխը ձեռքերի մեջն առավ։

Բոլորը հուզվեցին։ Կանայք, որոնք զարթնել էին, մոտ եկան․ նրանցից մեկը ետ քաշվեց և մեղմ ու հուզված ձայնով ասաց․

— Խե՜ղճ․․․ նշանածին է փնտրում։

Պետոն ցնցվեց և բարձրացրեց գլուխը։

— Ո՞վ է նշանած ասողը,— հարցրեց նա,— դո՞ւ էիր, մայրիկ․․․ Այո՛, նշանածիս եմ փնտրում․․․ գնա՜ց ցրտի մեջ, հալածված, կիսամերկ․ ապրո՞ւմ է արդյոք․․․ Այո, նրան եմ փնտրում․․․ ո՞ւր է, տեսե՞լ ես նրան։

— Ո՛չ,— պատասխանեց տխրությամբ կինը,— ես որտեղի՞ց եմ տեսել նրան, խեղճ տղա։

— Ինձ ասացին, որ ձեր մեջ մի քանի հատ աղջիկներ կան.— մրմնջաց Պետոն,— ես կարծեցի թե իմ Նազիկը նրանց մեջն է․․․ ո՞ւր է այժմ արդյոք։

Ոչ ոք չէր խոսում. երիտասարդի խոր տխրությունը, այդ սաստիկ վիշտը պահ մի մոռացնել տվեց բոլորին՝ իրենց տանջանքը. թշվառները թշվառի տխրությունով համակվեցին․ մի քանիսի աչքերում արտասուքի կաթիլներ երևացին։

— Լսի՛ր, երիտասարդ,— խոսեց վերջապես խմբապետը, — ես գիտեմ, որ Խնուսից շատ շատերը, Մուշից էլ բավական գաղթողներ եղան. անշուշտ գոմերցիք էլ եղել են․ ականջիս մեջ դիպավ, որ անցել են։ Գուցե նրանք այժմ մեզնից ավելի երջանիկ են, ռուսաց հողի վրա, հայերի տաք գոմերի մեջ․․․ Երանի նրանց, ազատվել են ցրտից, անոթությունից։ Նայիր մեկ մեր վիճակը․․․ մեզնից կեսը, որ հասնի այն կողմ, փառք կլինի։ Գնանք մեզ հետ, երիտասարդ, գնանք Կարս, գուցե այնտեղ գտնես նշանածդ․ այնտեղ են բոլոր թշվառները։

Պետոն չպատասխանեց։

— Մի հուսահատվիր, որդիս,— մեջ մտավ պատմիչ ծերունին խուլ ձայնով,— գնանք մեզ հետ, կգտնես նշանածդ, եթե չէ մեռել․․․ Ախ, մեռածներն են միայն, որ չեն վերադառնում․․․ հայր ունի՞ս, զավակս։

— Այո, հայրիկ, հայր ունիմ, երկիր մնաց։