Այս էջը հաստատված է

Որքա՜ն դժվար ճանապարհներ, որքա՜ն խոր ձորեր և որքա՜ն ձյուն, մացառ ու արգելք։ Բայց կտրեց անցավ բոլորը․ մագլցեց ժայռոտ, լպրծուն լեռներ, անցավ հոսանուտ հողով բլրակներ, ցեխոտ դաշտեր և ահա այժմ, մի ամբողջ ցերեկ քայլելուց հետո, չնայելով, որ հոգնած էր, անոթի, շնչասպառ, մի վերջին ճիգ ևս գործեց և հասավ Քեոսե–դաղի մեծ բլուրին, որտեղից ճանապարհը ոլորապտույտ տանում էր դեպի մի ինչ-որ հարթավայր և անծանոթ գյուղ։

Այդտեղ էր, որ կանգ առավ քիչ հանգստանալու. ի՞նչ գյուղ էր այնտեղ՝ ցածում. ո՞ւր էր հասել. ռուսա՞ց հողի վրա էր, թե՞ դեռ թուրք հող էր կոխում։

Ամեն ինչ անորոշ էր։ Կուրացած ցավից, միայն մի նպատակ մտքում՝ քայլել էր. չէր էլ ուզել շատ տեղեկություններ հարցնել. հույս ուներ գտնել փնտրածին հոտառությամբ, բնազդմամբ։

Սաստիկ ցուրտ էր։ Թե՛ հոգնած և թե՛ վհատված՝ չգիտեր այժմ ուր գնալ։ Կարելի էր մտածել, որ այդ կրակները գաղթականներն էին վառել։

Մի քանի րոպե նա մնաց այդպիսի անորոշ դրության մեջ նստած։ Ցածում կրակները հետզհետե մարում էին. միայն մի տեղ, մի մեծ խարույկ՝ մնում էր երերուն և բոցավառ։

Վերջապես ելավ և վճռեց իջնել դեպի կրակը։ Պետք էր տեսնել, թե ովքեր կային այնտեղ և այժմ գոնե տեղեկություն հարցնել։ Հայեր լինեին, ավելի լավ, եթե քուրդեր լինեին, նա իրեն քուրդ կձևացներ և գուցե ավելի հեշտ տեղեկություններ ունենար գաղթող խմբերի մասին։

Հրացանը թևի վրա, ստուգեց, որ փամփուշտ կար, ուղղեց մեջքի երկար սուրը, ստուգեց, որ դաշույնը գոտու մեջն էր և սկսեց իջնել։

Բլուրը հողային էր. ձյունի շերտը փշրվում էր, և Պետոյի ոտը երբեմն փլեցնելով խճային մի հոսանք, մի քանի րոպեի շառաչյունով խզում էր գիշերային լռությունը։

Երբեմն ավելի պարզ էին լսվում շների ձայները։ Խարույկը բլրի ստորոտումն էր և մեծանում էր։

Նա սկսեց քայլերն արագացնել և լսողությունը սրել։