Այս էջը հաստատված է

մենք լսել ենք Յուսուֆ աղայի անունը… իմ աղան եթե հոգնած է և քաղցած՝ գյուղը իրն է, մեր աչքի ու գլխի վրա է եկել։

— Վաղուց է ոտքի վրա եմ,— խոսեց Պետոն,— եթե իմ եղբայրները մի կտոր հաց տան, շնորհակալ կլինեմ։

Քուրդերից երկուսը դարձան դեպի խրճիթները. Պետոն հրացանը ամենայն վստահությամբ ուսին ձգեց և հետևեց նրանց, իր ետևից գալիս էին նաև մյուս քուրդերը, և այդպես շրջապատված նա մտավ մի խրճիթ։ Ոչ ոք չփորձեց հարցնել, թե ինչպես մի ցեղապետի որդի, առանց ձիու, ոտքով և առանց ընկերակցի՝ գտնվում էր գիշերով այդ կողմերում։ Երևի հետո պիտի հարցնեին։ Եվ լուռ՝ ներս մտան։

Խրճիթը մի մեծ գոմ էր. մութ անկյուններից լսվում էին կենդանիների որոճի և ուտելու ձայներ. լայն բաժանմունքում մի լավ կրակ՝ լույս էր տալիս իր կողքին նստոտած երկու–երեք կանանց և գրեթե մերկ մանուկների։

Պետոն քրդական մի փոքրիկ, աննշան գյուղի մեջ էր և երևի նրա բնակիչները հասարակ հպատակներ էին. ահա թե ինչու իսկույն չէին համարձակվել հարցեր տալ, թե ի՞նչ գործ ուներ նա այդ կողմերում։

Երբ ներս մտան բոլորը, այդտեղ միայն Պետոն կարողացավ զննել իր հյուրընկալների դեմքը, որովհետև քուրդերը երբ կրակին մոտեցան և նստեցին, թաղիքը հանեցին և մի կողմը դրին։

Դաժան, սև, խորշոմներով ակոսված դեմք, բայց առույգ, կրակոտ և խորազնին կասկածող աչքերը արտահայտում էին միշտ լարված դրություն. նմանում էին ամեն րոպե վտանգի, կռվի սպասող անձերի։ Նստելիս, ամեն մեկը հրացանը ծնկների վրա դրեց, հետո քիչ ձեռքերը կրակին պարզեց և ապա սկսեց զննել հյուրին։

Շրջապատել էին խարույկը, կանայք և մանուկները քաշվել էին մի մութ անկյուն և այնտեղից երբեմն, կատվի աչքերի պես փայլում էին մի զույգ հետաքրքիր աչքեր։

Ամեն ոք լուռ էր. խոսքը տան մեծին էր պատկանում, իսկ նա դեռ զննում էր իր հյուրին։ Պետոն մտախոհ դեմք ուներ, բայց վստահությամբ նայեց բոլորին, հետո ավելի լավ տեղավորվեց