Էջ:Գավառական ողբերգություն 02.jpg

Այս էջը հաստատված է

թե ամեն օրվա ճանապարհով։ Չկարողանալով որևէ պատճառաբանություն գտնել, քթի տակեն թեթև ծիծաղեց, կես սպիտակացած բեղը շոյեց և սկսեց բաց անել խանութի փեղկերը։

Երեսուն և հինգ տարի անցած չլինելով Բոշայենց փողոցից, Հաջի աղային բոլորովին անծանոթ էր, թե ինչ փոփոխություններ էին տեղի ունեցել այդտեղ, ո՛վ էր հեռացել այնտեղից և ո՛վ էր փոխադրվել այնտեղ։

Մինչդեռ Հաջի աղան, ըստ ամենօրյա սովորության, հաճախորդներին էր սպասարկում, Բոշայենց փողոցում ծնունդ էր առնում մի դեպք։ Երբ Հաջի աղան Բոշայենց փողոցում մեջքն ուղղեց, գլուխը վեր առավ և նայեց մի լուսամուտի, հենց այդ լուսամուտի դիմացը գտնված մի ուրիշ լուսամուտից մի կին տեսավ Հաջի աղային և, քաշվելով լուսամատից, ապշահար բացականչեց.

— Քա՜, է՞ս ինչ էր, հա՜ տեր Աստված…

Լսողները ավելի ապշահար, անմիջապես և ինքնաբերաբար, խաչակնքեցին և հարցրին.

— Ի՞նչ եղավ, Էլմա՛ս խաթուն։

Էլմաս խաթունը, առանց ուշադրություն դարձնելու իրեն եղած հարցումներին, շարունակեց.

— Տե՜ր, անուշիկ մայրի՛կ Աստվածածին, չհիշե՛ս մեր մեղքերը։

Էլմաս խաթունը, թևերը բանալով, կանգնեց սենյակի մեջտեղում և «ՏԵՐ ԶԻ ԲԱԶՈԻՄ»֊ից երկու տուն մրթմրթաց։

— Էլմաս խաթուն, ի՞նչ եղավ, քա՞,— հարց տվեց նրա ամուսնու եղբոր կինը։

— Չոջուխները[1] դուրս հանեցեք, ըսեմ,— հայտարարեց Էլմաս խաթունը և խորհրդավոր շարունակեց.— Տեր Քրիստո՛ս, աղա՛, չհիշես մեր մեղքերը։

Երեխաներին անմիջապես դուրս հանեցին սենյակից և չորս հարս, ամենամեծը՝ Էլմաս խաթունը, նստեցին սենյակի անկյունի ջեջիմի վրա։

Էլմաս խաթունն սկսեց.

— Խամբուրենց Հաջի աղան մեր սոխախեն[2] անցավ…

  1. երեխաներին
  2. փողոց