Էջ:Գավառական ողբերգություն 05.jpg

Այս էջը հաստատված է

— Դուն էս կըսես, յա Հաջի աղա՞ն, ճերմակ մազերեն չամչընա՞ր,— շարունակեց Էլմաս խաթունը։

— Ամա՜ն, ամա՜ն ժամանակը փոխվեր է,— ասաց Լուսնթագ խաթունը և ապշահար կանգնեց, ձեռքերը ծալելով փորի վրա։

Էլմաս խաթունը երկար չարավ, դուրս ելավ, քայլեց, դարձավ առաջին անկյունը և մտավ մի ուրիշ տուն։

— Թերեզա խաթուն, լսե՞ր ես։

― Չէ՜։

— Քա՛, դեվեին[1] անկճին մե՞ջ ես քնացել, ի՞նչ է։

— Թե՜զ ըսե, Էլմաս խաթուն, հիմա կճաթիմ։

— Խամբուրենց Հաջի աղան․․․

— Էս ի՞նչ օրի հասանք,— բացականչեց Թերեզա խաթունը։

Էլմաս խաթունը շարունակեց թափառումը։ Թերեզա խաթունը, մնալով մենակ, նորից բացականչեց.

— Հիմիկվան հարսները, վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ․․․

Էլմաս խաթունը մտավ երրորդի, չորրորդի և դեռևս տասներորդի դուռը, հաղորդեց սարսափելի լուրը և հազիվ ճաշին տուն հասավ բոլորովին հոգնած։

Մյուս հարսներն էլ իրենց կարգին մտել էին զանազան դռներ և դուրս եկել։ Նրանցից լուր ունեցողներն էլ իրենց կարգին մտել էին ուրիշ դռներ։

— Քա՛, չե՞ս լսեր, Բոշայենց փողոցը․․․

— Ե՞րբ։

— Այս առավոտ…


Գ

Յուրաքանչյուր լսող ուրիշին պատմել էր մի քիչ այլ բովանդակությամբ, այնպես որ՝ երեկոյան, երբ կանայք հաղորդեցին Բոշայենց փողոցի պատահած արտակարգ դեպքը իրենց ամուսիններին, ստացել էր հետևյալ բովանդակությունը. տեսել էին Խամբուրենց Հաջի աղային երիտասարդ ոսկերիչ Տիգրանի տնից դուրս ելնելիս և տեսել էին նաև, որ մանկամարդ հարսը նրա ետևից կամացուկ դուռը փակել է։

  1. ուղտ