Էջ:Գավառական ողբերգություն 09.jpg

Այս էջը հաստատված է

և տեսնողները նշեցին այդ իրենց մտքում։ Ժամի պատերի տակով անցնելիս Հաջի աղան մի անգամ ևս գլուխը վեր առավ և չորս կողմը նայեց։ Այս անգամ նա զգաց, որ մինչև անգամ եկեղեցի աճապարող կանայք քողերի տակից իրեն էին նայում անսովոր նայվածքներով։

— Աճայի՜բ[1]…— մռթմռթաց Հաջի աղան և քայլերն ավելի արագացրեց։

Մինչև տուն նա հանդիպեց շատ տարօրինակ նայվածքների։

Մինչև անգամ կարծես մի խոսք նետեցին իրեն։ Հաջի աղան թեև չհասկացավ, բայց զգաց, թե այդ խոսքը ինչ֊որ կշտամբանքի շեշտ էր կրում իր հասցեին։

Հաջի աղան, վերջապես, հասավ տան դուռը։ Ըստ տարիների սովորության, կանգ չառավ դռան առաջ և սիգարեթ չփաթաթեց, այլ ուղիղ թակեց դուռը։ Ըստ տարիների սովորության, նա պետք է թակեր երեք անգամ, բայց թակեց երեք անգամից ավելի, մի գործողություն, որ կատարվեց անգիտակցորեն, իբրև արդյունք ջղային տրամադրության։

Երբ դուռր թակեց երեք անգամից ավելի, Մեմիկ խաթունը կարևորություն չընծայեց, քանի որ չէր կարող Հաջի աղան լինել, մի քիչ ուշ էլ կարող էր բաց անել, բայց Հաջի աղան դրսում ապշեց և մինչև անգամ սարսափեց։

«Ի՞նչ է եղել, որ դուռն էլ չեն բանար»,— շշնջաց նա և, անհամբերությամբ և իրեն համար անսովոր անձկությամբ, նորից թակեց։

— Էն ո՞վ է, քա՜,— սրտնեղեց Մեմիկ խաթունը, դանդաղորեն շարժվեց դուռը բաց անելու։

Երբ Մեմիկ խաթունը տեսավ Հաջի աղային, ապշությամբ ճչաց.

— Քա՛, Հաջաղա՞…

Հաջի աղան ևս ապշեց և աճապարանքով, կարծես դրսից մեկը հրեր, ընկավ ներս։

— Մեմի՞կ։

Ձայնը Հաջի աղայինը չէր, կորցրել էր բնական շեշտը, դողում էր։

  1. զարմանալի