Էջ:Գավառական ողբերգություն 16.jpg

Այս էջը հաստատված է

որ նրա լեզվի տակ մի բան կար և չասաց։ Սկսեց զբաղվել խանութի ապրանքներով մեծ ճիգով, ներքին հզոր պայքարով, որպեսզի դուրս չնայի։ Դարսած ապրանքները վերստին դասավորեց, բայց չկարողացավ ներքին բուռն ցանկությունը հաղթահարել և նորից դուրս նայեց։ Դրսում էլի մի քանի հոգի կանգնած էին և իրեն էին նայում, նայում էին տարօրինակորեն։ Տեսավ չի կարող ազատվել նայվածքներից՝ մի միտք հղացավ, փակել խանութը և գնալ տուն։

Այս անգամ զարմանալիորեն արագ վճռեց, արագ փակեց խանութը և սկսեց քայլել գլխիկոր։

Մեկը կողքից ասաց, բայց չլսեց.

— Հարսին քով կերթա։

Եվ հետևեց նրան։

Հաջի աղան, Հրապարակից անցնելուց հետո, սկսեց քայլել Հին Ժամի պատերի տակով և հանկարծ լսեց․

— Աղջի՛, Փայլո՜ւն․․․

Էլի ուշադրություն չդարձրեց այդ կանչերին, ինչպես երբ լսեց միևնույն կանչը իր տան լուսամուտի տակից.

— Աղջի՛, Փայլո՜ւն․․․

Ձայնը սուր էր և սարսափելի հեգնական։ Կանչողը միևնույն փողոցային պատանին էր, սև աչքերով, կարճ կտրված, ստևի նման ցցված մազերով։

Հաջի աղան շարունակեց քայլել։

Այս անգամ պատանին կտրեց նրա առաջը, երկու մատը կոխեց բերանը, զիլ սուլեց և կանչեց.

— Աղջի՛, Փայլո՜ւն․․․

Զարմանալի արագությամբ, ինչպես կայծակի մտրակը, որ կտրում֊անցնում է ողջ երկինքը մի ակնթարթում, Հաջի աղայի միտքը կապվեց այն կանչի հետ, որից կինը գրեթե ուշաթափվեց։

«Ուրեմն՝ այդ «աղջի Փայլունը» ինձ հետ կապ ունի»,— մտածեց նա, բայց ոչինչ չհասկացավ, ընկավ տանջալից, մտածմունքի մեջ։

Երբ պատանին մի անգամ էլ կանչեց և փախավ, այլևս ոչ մի տարակույս չմնաց Հաջի աղայի հոգում։

Երբ կինը դուռը բաց արավ և տեսավ իր ամուսնուն, բացականչեց.