Էջ:Գավառական ողբերգություն 18.jpg

Այս էջը հաստատված է



— Ինչ կա նե՝ ըսե՛․․․

Մեմիկ խաթունը լռեց։

Հաջի աղան զայրացավ, մոտեցավ կնոջը, բռնեց ուսերից և սպառնագին բղավեց.

— Ըսե՛, ըսե՛, ըսե՛…

Մեմիկ խաթունը պատմեց ինչ որ լսել էր։

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

— Մեմի՛կ, դուն կհավատա՞ս,— հարցրեց Հաջի աղան ամբողջովին գույնը գցած։

— Աչքերով տեսեր են։

— Ես քեզի կհարցնեմ՝ դուն կհավատա՞ս։

Մեմիկ խաթունը մտածեց. «Արդյոք այդ բոլորը կարող են սո՞ւտ լինել»։

Հաջի աղային աչքերը պատասխանի էին սպասում։

Մեմիկ խաթունը կրկնեց․

— Աչքերով տեսեր են։

Հաջի աղան լուռ դուրս եկավ խոհանոցից և բարձրացավ սենյակը։ Մեմիկ խաթունը ճիշտ ժամանակին ճաշը բերեց։ Հաջի աղան նստած էր անկյունը, թախտի վրա, և համրիչ էր քաշում։ Արտաքնապես չափազանց խաղաղ էր։ Մեմիկ խաթունը ճաշը դրեց առաջը և իջավ ներքև։ Հաջի աղան ճաշի վրա չնայեց, այնպես որ, երբ մի ժամ անց Մեմիկ խաթունը եկավ ճաշը հավաքելու՝ տեսավ որ ոչ մի ձեռք չէր դիպած ճաշին։


Է

Քաղաքում տարածվող շշուկը հասավ ոսկերիչ Տիգրանի ականջը։

Սկզբում շատ տարտամ, ինքն էլ չիմացավ, թե որտեղից լսեց և ինչպես, առաջին անգամ ով ասաց. բայց հետզհետե նրա համար պարզ եղավ, որ մի օր Խամբուրենց Հաջի աղան մտել էր իր տունը, փաթաթվել էր իր կնոջը և Հաջի աղան և իր կինը եղել էին այնքան համարձակ և լիրբ, որ խոսածները դուրսը լսողներ էին եղել, իսկ իր կինը Հաջի աղայի վզովը փաթաթված եկել էր մինչև դրսի դուռր և նրան համբուրելով էր ճանապարհ գցել։ Եվ այս բոլորը շատերն իրենց աչքերով տեսել էին։