Էջ:Գավառական ողբերգություն 19.jpg

Այս էջը հաստատված է

Ոսկերիչ Տիգրանն ինքը, Հաջի աղայի նման, ընկավ տարօրինակ նայվածքների տակ։ Այդ նայվածքները չէին թույլ տալիս, որ աշխատի․ մի քանի մատանիներ փչացրեց, հալած ոսկու անոթն ընկավ ձեռքից և ամբողջը թափվեց մոխրի մեջ։ Նա դարձել էր միակ եղջյուրավոր մարդը քաղաքում։

Տարօրինակ նայվածքներից մտրակված՝ Տիգրանը վեր էր թռչում, հանում կաշե գոգնոցը, փակում աշխատանոցը և գնում տուն։ Փայլունը ջերմագին սիրով դիմավորում էր նրան, փաթաթվում և սիրում։ Տիգրանը չկասկածելով դույզն չափով իր մանկամարդ կնոջ անկեղծության և առաքինության, վերադառնում էր աշխատանոցը, նստում և եռանդուն աշխատում, բայց ապակե փեղկի միջից նայող աչքերը հանգիստ չէին տալիս։

Որպեսզի կարողանար հաստատել իր կնոջ դավաճանությունը, նա հանկարծակի գնում էր տուն, որպեսզի Հաջի աղային բռնի։ Մի քանի անգամ քաղաքից գյուղ գնալ կեղծեց, հանկարծակի վերադարձավ և ոչինչ չկարողացավ տեսնել։ Հսկեց Խամբուրենց Հաջի աղային, որ այլևս տնից դուրս չէր գալիս, և խանութը մնում էր փակ։ Տիգրանն սկզբում կարողանում էր առողջ տրամաբանել․ ի՞նչ պատճառ կարող էր ունենալ երիտասարդ կինը Հաջի աղային սիրելու, ի՞նչ էր պակաս իրեն․ ինքը երիտասարդ, տունը տեղը՝ լեցուն։ Միթե Հաջի աղան կարո՞ղ էր որևէ առավելություն, թեկուզ ամենաչնչին չափով, ունենալ իր վրա, որ կինն իրեն դավաճանի և նրան սիրի, և այն էլ ա՛յն աստիճան, որ փաթթվելով մինչև դրսի դուռը գնա և նրան ճանապարհ դնի։

Այսպես էր մտածում և տրամաբանում ոսկերիչ Տիգրանը առաջին օրերը, բայց գնալով մթագնեց նրա գիտակցությունը, սկսեց խենեշ պատկերներ տեսնել. Հաջի աղան և կինը միասին, իր անկողնում, կամ անկյունում, թախտի վրա, թերևս և խոհանոցում…


Ը

Մի օր Տիգրանը շինեց մի արծաթյա ապարանջան և տուն ուղարկեց իբրև նվեր կնոջը։

— Չըսես, թե ո՛վ ղրկեց, ըսե մեկը քեզի նվեր ղրկեց,— պատվիրեց նա այն տղային, որի միջոցով ուղարկեց ապարանջանը։