Էջ:Գավառական ողբերգություն 25.jpg

Այս էջը հաստատված է

Փաշայի պարտեզը՝ այնքան էլ ուշադրություն չդարձրին, կարծեցին, թե եկեղեցի է գնում, բայց, երբ Մեմեդ Փաշայի պարտեզից ծռվեց դեպի Բոշայենց փողոցը, այլևս ոչ մի անուշադիր նայվածք չմնաց, մի քանի հոգի մինչև անգամ ետ դարձան տեսնելու համար, թե Խամբուրենց Հաջի աղան ինչո՞ւ ծռվեց Բոշայենց փողոցը։ Հաջի աղան գնաց ու կանգ առավ ոսկերիչ Տիգրանի դռանը և առանց վարանելու թակեց դուռը և սպասեց։ Եթե մեկը նրան մոտիկից դիտեր՝ կտեսներ նրա ճակատի բարակ քրտինքը և տերևի նման ողջ մարմնով դողալը։ Նրա գլուխը կախ էր, նայում էր գետնին, առանց նայվածքը վեր բարձրացնելու։

Եթե նա մի անգամ նայվածքը բարձրացներ, կտեսներ հեռուն կանգնած 25—30 հոգի, որոնք անհամբեր սպասում էին, թե ինչ պիտի պատահեր, կտեսներ Էլմաս խաթունը և մյուս հարսները, որոնք դիմացի լուսամուտից, գրեթե իրար վրա հենվելով, դիտում էին իրեն։ Նրանք սպասում էին, որ Փայլունը դուռը բանա, հրավիրի Հաջի աղային ներս և փաթաթվի վզովը, և իրենք էլ երկրորդ անգամ ականատես լինեն։

Հանկարծ Փայլունը երևաց պատշգամբը և ձայնեց.

— Ի՞նչ կուզեք։

— Պարոն Տիգրանը կուզիմ։

— Տիգրանը տունը չէ։

— Ե՞րբ կուգա,— հարցրեց Հաջի աղան, բայց այլևս գրեթե բան չէր տեսնում, որովհետև, նայվածքը վեր բարձրացնելով, տեսել էր դիմացի կանանց և փողոցում կանգնողներին։

— Չեմ գիտեր,— պատասխանեց Փայլունը և դողահար ներս քաշվեց պատշզամբից։

Հաջի աղայի քայլերը մեքենայորեն ետ դարձան։ Գլուխը կախ՝ նա շարունակեց ճանապարհը, հազիվ ջոկելով փողոցի քարը առվից։ Նա լսում էր բացականչություններ, որոնք ծակում էին նրա ականջը։

— Տեսավ, որ մարդ կա՝ «Պարոն Տիգրա՜նը կուզիմ»…— ծամածռելով կանչում էր մեկը։

— Հաջաղա՛, Փայլունը քեզ կկանչի…

— Հաջաղային քեֆը եկե՜ր է․․․