Էջ:Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի 10.jpg

Այս էջը հաստատված է

զանազան առարկություններով, բայց էդ վեճերը բնավ չեն կարող արգելք լինել, որովհետև արդեն հրամայողական պահանջ է դարձել մեր ազգային կուլտուրան ազգովին պաշտպանելու գործը։

Մենք ունենք Գրողների Ընկերություն, որը բավական լայն կանոնադրություն ունի և դեռ կարելի է ավելի լայնացնել և որի մեջ մտնում են մեր գեղարվեստագետները, գրողները, գիտնականներն ու հրապարակախոսները, և, էդ նույն կանոնադրությամբ, Ընկերությունը հոգալու է սրանց նյութական ապահովությունն ու մտավոր զարգացումը։

Հայոց Գրողների Ընկերությունը, որ պատերազմի պատճառով՝ շատ բնական կերպով՝ կանգ առավ իր գործունեության ճանապարհին, պատերազմի վերջի հետ անշուշտ կվերսկսի իր գործունեությունը շատ ավելի մեծ թափով ու մեծ ծավալով, և հենց նա էլ կարող է լինել հայոց գեղարվեստի, գրականության ու գիտության մարդկանց ապահովության գործի կենտրոնը։ Նրա հետ միասին պետք է ստեղծել մի գրական-գիտական կաճառ, որ մի կողմից կընտրի Ընկերության ընդհանուր ժողովը, մյուս կողմից կմիանան միջոցներ տվող մարմինների և մեր այլ կրթական-կուլտուրական հիմնարկությունների ներկայացուցիչները։

Էս կաճառն է, որ պետք է որոշի՝ ում օժանդակել, ինչ ձևով, ինչքանով, ինչ ժամանակով ու ինչ նպատակով։

Ինչ ձևով եմ ասում, որովհետև միայն թոշակի ձևը չի, որ պետք է կիրառվի։ Բացի թոշակը ուրիշ շատ միջոցներ կան։ Օրինակ, կարելի է որոշ ժամանակով կամ միանգամ ընդմիշտ գնել էս կամ էն գրողի կամ գեղարվեստագետի երկերը։ Էսպեսով և նրա գործերը կդառնան ազգի սեփականություն ու էժան կտարածվեն ժողովրդի մեջ և նա ինքը հնարավորություն կստանա ազատ շարունակելու իր գործունեությունը։ Կամ կարելի է էս կամ էն գիտնականին, մասնագետին հանձնարարել ուսումնասիրելու մեր երկիրը, մեր պատմությունը, ժողովուրդը, լեզուն և այլն և այլն, միշտ ապահովելով նրանց գործն ու գործունեությունը։

Էն ժամանակ էլ ականատես չենք լինիլ էն տեսակ ծանր ու ամոթաբեր երևույթների, թե Նորայր Բյուզանդի պես մի գիտնական հայ ազգի լեզուն ուսումնասիրում է հենված մի օտարուհու