Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/152

Այս էջը սրբագրված է

ունենայ իր եւ իր գործի վրայ. նա պետք է հաւատայ թէ անիմաստ չէ եւ անխորհուրդ թէ ինքը եւ թէ իր գործը. ոչ մի արգասաւոր սկիզբ չի կարելի դնել առանց այդ հաւատի: Ո՞վ եմ ես, ի՞նչ եմ ես, ի՞նչ կոչում ու պարտք ունեմ — ահա խոշորագոյն հարցը մարդու համար:Կարելի է ապրել եւ առանց այս հարցերը լուծելու, ինչպէս միլիոնաւոր տերեւներ բողբոջում ու թոշնում են կեանքի ծառի վրայ առանց այդ հոգսն ունենալու. բայց գիտակցական մարդը, որ դուրս է եկել աւանդութեան կտուրի տակից եւ շատ աւելի ընդարձակ ու գեղեցիկ կամար է տեսնում իր գլխին, որը հազար աչքով խօսում է իր հետ եւ կեանքի ծովն է դիտում, որ ծփում է իր շուրջը — նա չի կարող առանց այդ խնդիրները լուծելու ապրել այս տառապանքի հովտում:

Բանաստեղծը, որպէս կեանքի լաւագոյն արտայայտութիւն ու մեկնող, իր անձնական վիճակով մեր առաջն է դնում կեանքի ամենամեծ խնդրի վճիռը. հաւատա՛, որ պատահական չես այս աշխարհում, որ անիմաստ չէ քո գոյութիւնը, սիրիր տիեզերքն ու մարդուն բարձր հնչեցրու քո լեզուակ հոգով տիեզերքի զանգը եւ թող անհունը սլացող ղօղանջը պատմի աստղերին մարդու մեծութիւնն ու փառքը. զարթեցէք եւ զգացէք ձեր կապը տիեզերքի հետ եւ ձեր մէջ կը խօսի Անհունութիւնը…

Այս ճանապարհով է դուրս գալիս բանաստեղծը իր երգ ու վէրքերի վշտերից դէպի մի նոր, լայնածաւալ, սուրբ ու լուսաշող կեանք. այս ելքը շատ բնորոշ է բանաստեղծի եւ հայ գրականութեան ու կեանքի համար եւ մխիթարութիւն է բոլոր տառապող ոգիներին… Բանաստեղծը հասունանում է, կեանքը խոհուն հայեացքով դիտում, իմաստասիրում եւ հաստատ քայլերով բարձրանում է ազգային պարծանքների բնակավայրը:

ԲԱՆԲԵՐ ԳՐԱԿԱՆՈԻԹԵԱՆ ԵԻ ԱՐՈՒԵՍՏԻ
բ. գիրք, 1904