ամէնաշատը մի քանի տարի, այնուհետեւ ուրիշ նորաձեւութիւն գալիս վանում է հինը: Ստեղծագործութիւնը ծանր խաչ է եւ ոչ նորաձեւութիւն. մարդիկ պէտք է ձգտեն ստեղծել դարերի համար եւ ոչ օրերի, իսկ դրա համար պէտք է խորապէս անձնաքնին լինել եւ իր ներսը գտածը անկեղծօրէն ու վարպետօրէն դնել ընթերցողի առաջ:
«Աշնուտի» հեղինակի մէջ մենք տեսնում ենք մի անորոշ ու մեղմ տրամադրութիւն, որ ցեղակից է բանաստեղծական տրամադրութեան: Նրան պակասում է ուժ եւ կարողութիւն անորոշը պարզելու: Հաւանօրէն հեղինակը սկսնակ է. ժամանակով անհնար չէ, որ կարողանայ թէ ինքը հասկանալ եւ պարզօրէն ապրել իր զգացումները եւ թէ մեզ հասկացնել ու վարակել: «Աշնուտը» մենք մերժում ենք գլխովին իբր անյաջող ոտանաւորների մի ժողովածու:
Մենք մանրամասն քննեցինք մի ոտանաւոր, մասամբ ցոյց տալու համար թէ ի՞նչպէս կը կարդան մի բանաստեղծութիւն. այս ունակութիւնը շատ է պակասում մեր ընթերցողներին: Սիրուն բառերի շարքերից նրանց խելքը գնում է. եւ քանի «անուանի» բանաստեղծներ կան մեզանում, որոնք իրապէս գրական ոչնչութիւններ են, անաւիւն , առանց երեւակայուեան, միայն հնչուն տողերով ու բառերով: Գրականութեան, ինչպէս եւ կեանքի մէջ շողոմքոր բառը եօթը մօր ծիծ է ծծում. սիրուն բառերով քանի ականջ ու սիրտ է շոյուած մեզանում, բայց չպէտք է մոռանալ, որ եթէ կեանքի մէջ կեղծաւորութիւնն ու սուտը զզուելի են, գրականութեան մէջ նրանք յանցանք են անորակելի…
Որքան էլ անկատար գործ, բայց «Աշնուտը» մեր ժամանակի յայտարար է: Մարդիկ կան, որ ձմեռը քնում են ցուրտ սենեակում, առաւօտը վաղ են գարթնում՝ ցուրտ ջրով շփում մարմինը, պարապում են մարմնամարզութեամբ, զբօսնում են բաց օդում, ոտի տակ են տալիս լեռ ու ձոր եւ առոյգ, առողջ եւ ուրախ՝ ապրում ու գործում են կեանքում, եռանդը կաթում է նրանց շարժումներից, քայլը հաստատ, խօսքը հատու, վարմունքը շիտակ ու համարձակ, կամքը տոկուն:
Ու յետոյ մարդիկ, տխրամած, ծոյլ, դժգոհ աշխարհից եւ իրանցից, միշտ աւաղող ու տրտունջը բերաններին շրջում են գլխակոր, ապրում են տաղտուկ, մտածում դանդաղ, ինքնազգացումը վհատ, կեանքն անցնում է քթների տակից եւ նրանք անհաղորդ են