Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/313

Այս էջը հաստատված է

կողմից սա նշանակում է, որ հրապարակ է իջել մի նոր սերունդ, տարբեր ճաշակի եւ գրական ըմբռնումների տէր, տարբեր պատմաշրջանի պտուղ եւ տարրեր հայեացք ունեցող աշխարհի վրայ: Գնահատելով անցեալ գրական գործիչներին, այդ սերունդն անուղղակի ազդւում է նրանցից. դրա հետեւանքն այն կը լինի, որ նոր սերունդը կը գտնի ազգային քաղաքակրթութեան շավիղը եւ կ՝ընթանայ այն ուղին, որ պատմութիւնը գծել է մեր առաջ: Քննադատութիւնն այսպիսով պէտք է կցէ նոր սերունդի աշխատանքը հնին եւ գտնէ այն շղթան, որի օղակներն են կազմում հները եւ պիտի կազմեն նորերը: Ամենախիստ եւ միակողմանի քննադատութիւնն անգամ կ՝ունենայ իր բարերար հետեւանքը. նոր սերունդը գիտակցաբար կը լծուի հայի պատմութեան անիւին, ինչ որ մի կողմից կը վերացնի լքումը եւ տարտամութիւնը հասարակութեան կենդանի տարրերի միջից է միւս կողմից վստահութիւն կը ներշնչի նորերի զգացումին, մտքին ու կամքին։ Գրական այս շարժումը մենք համարում ենք վերածնութեան սկիզբն եւ բեկման կէտը հայ մտքի եւ զգացումի պատմութեան մէջ:

«Գրական ասուլիսների» բովանդակութիւնը այն բանախօսութեանց ամփոփումն է, որոնք արտասանուել են գրական հանդէսների ժամանակ: Այնտեղ մեծ մասամբ խօսք են առել թիւրքահայ յայտնի գրական դէմքեր, ունկնդիր բազմութեան առաջ բացատրելով իրենց ըմբռնումը Շանթի եւ Գ. Զօհրապի գործերի մասին. գնահատել են նրանց երկերը, մատնանշել են պակասութիւններն ու առաւելութիւները, ինչպէս նաեւ ցուցադրել են այդ հեղինակների տաղանդի բնորոշ կողմերը։ Գնահատութիւնների մեծ մասը արուած են գրական տեսակէտից. երկերի հասարակական արժէքը որոշելուն հազիւ մի քանի խօսքեր են նուիրուած, այն էլ ոչ թիւրքահայ բանախօսների կողմից: Դրա փոխարէն բաւական կանգ են առել Շանթի եւ Զօհրապի ոճի եւ լեզուի վրայ:

Թիւրքահայ գրականութիւնը զարգացել է առաւելապէս ֆրանսականի ազղեցութեան տակ. նա դեռ չի ունեցել իր Աբովեանը ինքնատիպ են մեծ մասամբ գաւառացիները է, որոնց մէջ լեռնանում են Հայրիկ եւ Սրուանձտեան: Գրականութեան հետ միասին նրանց քննադատութիւնն եւս ֆրանսական դրոշմ է կրում, թէեւ միմիայն Արշակ Զոբանեանն է, որ փայլուն շնորհք ունի եւ վարպետօրէն գործադրում է ֆրանսական մեթոդները հայ հեղինակների վյրայ: