Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/314

Այս էջը սրբագրված է

Քննադատական ճիւղի մէջ ռուսահայերն ու թիւրքահայերը հակոտնեաներ են: Նրանք խորշում են սիստեմներից, մենք անհատական բնորոշումներից: Սովորաբար ամէն նոր գիրք նրանց համար մի անջատ երեւոյթ է, մեզ համար մի որոշ շարժման ցուցանիշ։ Նրանք աւելի արուեստին, ձեւին են կարեւորութիւն տալիս, մենք բովանդակութեան: Պէտք է գտնել քննադատութեան այնպիսի մի ձեւ, ուր այդ երկու հակումները համադրուէին եւ կազմէին մի ներդաշնակ ամբողջութիւն:

«Գրական ասուլիսների» առաջին երկու գրքոյկների արժէքը լաւապէս որոշուած կը լինի, եթէ ասենք, թէ անկարելի է խօսել Շանթի եւ Զօհրապի մասին առանց այդ տետրակների նկատի ունենալու: Նրանք ամփոփում են ժամանակակից թիւրքահայերի ըմբըռնումները այդ հեղինակների մասին:

ՆՈՐ ՀՈՍԱՆՔ, 1913 (Ա. Տարի) , թիւ 3