Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/35

Այս էջը սրբագրված է

է սպասել ապագայում աւելի կատարեալ եւ գեղարուեստական երկեր: Շանթն այդ վէպիկով ցոյց տուեց, որ ինքը մի տաղանդաւոր եւ կատարելագործուելու ընդունակ գրող է եւ, կարծում ենք, նրա պոէման, բանաստեղծութիւններն ու արձակ գրուածները կարդացողները այդ կարծիքն են կազմել նրա մասին: Առ այժմ մի նոր սկսող հեղինակի համար այսքանը բաւական է. բաւական է, որ մենք ընդունում ենք նրան, որպէս տաղանդաւոր եւ կատարելագործուելու ընդունակ գրող: Նրա դրական բնաւորութեան եւ ինքնուրոյնութեան չափը որոշելը, նրա առանձնայատկութիւններն ու մեր գրականութեան մէջ բռնելիք տեղը ցոյց տալը եւ ուղղութիւնը գնահատելը ապագայի գործ է. այդ բոլորը կարելի է անել միայն այն ժամանակ, երբ նա իւր տաղանդը ամբողջովին կարտայայտէ: Մենք այստեղ կը բաւականանանք նրա դրական բնաւորութեան մի քանի խոշոր գծերը ցոյց տալով, մի ուրիշ անգամի թողնելով նոյն հեղինակի գրուածներով աւելի մանրամասն եւ հանգամանօրէն զբաղուելը: Շանթը այն գրողներից է որոնց տեսածը վարդ է եւ վարդ են երգում: Կեանքի պոէզիան, նրա մաքուր բանաստեղծական եւ գաղափարական կողմը — այս է նրա ուսումնասիրութիւնների առարկան. կեանքի այդ կողմից է նա վերցնում իր գրուածների նիւթը: Նրա համար գոյութիւն չունի կեանքի ցեխում եւ կեղտում կորչող մարդը. մի խօսքով կեանքի հակառակ, մռայլ երեսը: Նա լաւատես է եւ իր գրուածներում արտայայտւում է նրա այդ յատկութիւնը: Մի տեսակ կենսուրախութեան, եռանդի, երիտասարդական ոգեւորութեան, անորոշ բայց փայլուն եւ լաւագոյն ապագայի հաւատալու, ապրելու եւ գործելու հով է գալիս նրա գրածներից. եւ կարծէք նա նոյնը աշխատում է ներշնչել մեր մէջ: Եւ այդ յատկութիւններն ու լաւատեսութիւնն է կարծես, որ նրան հեռու են պահում թշուառութիւնների ծովից: Նա նման է մի մարդու, որ նստած ամարային մի պարզ ու զով գիշեր բանաստեղծական կահաւորութեան մէջ, նայում է աստղաշող երկնքին եւ հիանում նրա տեսքով — եւ չի էլ ուզում այդ անդորր ու վերացնող բաւականութիւնը կորցնել, նայելով շուրջը եւ տեսնելով, որ «հազարք հազարաց եւ բիւրք բիւրոց» մարդիկ ամենաչընչին միջոցներ անգամ չունին մի փոքր ժամանակ գոնէ երկնքով հրճուելու։ Նա չի ուզում տեսնել այն ամբոխը, որ մի կտոր հացի