հետապնդելով անձնական կամ տեղական շահեր եւ ստեղծելով ինքնամփոփ խմբակներ: Նա պատկանում է մեր նոր սերունդին, բայց ոչ այն խաւին, որ ճանկրտուքով հաց է վաստակում եւ ոչ այն խաւին, որ ապրում է մեր մարտական յուշերով, այլ այն սակաւաթիւ անձերի շարքին, որ ապրում են ոգեկան կեանքով եւ ձգտում են յարատեւել հայ մշակոյթը: Տխուր է այս խաւի ներկան եւ անստոյգ` ապագան: Իր ոտքի տակ նա հայրենի հող չունի եւ իր շուրջը՝ հայրենի միջավայր: Իր ապրումները լայն արձագանգ չեն գտնում. նա ապրում է հանրօրէն մեկուսի: Այս հանգամանքը ծանրանում է նրա ներքին աշխարհի վրայ։ Նա չի ապրում իր հանրութեան համընթաց. դա կը լինէր ոգու մահացում և գռեհկացում: Նա ապրում է տարաշխարհիկ գրականութեան ոլորտում, որ սակայն մտերմօրէն չի խօսում իր սրտին: Իր ոգին թռիչքներ ունի եւ սիրտը՝ յոյզեր, որ խորթ են իր ցեղակից միջավայրի համար: Այդ ցեղակիցը հաց է վաստակում եւ մեղմակի օտարանում է, նա հազիւ հասկանում է լրագրի լեզուն. նա հազիւ կարող է ընթացիկ գաղափարներ ըմբռնել եւ ընթացիկ զգացումներ ներապրել։ Միայն փոքրիկ եւ մտերիմ խմբակներ կամ թէ այս ու այն կողմ ցրիւ անհատներ հասկանում ու համազգում են իրար, բայց այդ ջերմին մտերմութիւնը եւ հեռաւոր արձագանգները բաւական չեն խթանելու նոր սերունդի ստեղծական կարողութիւնը եւ ցնցելու սիրտ ու միտք։ Եւ այսպէս է, որ գուլանում է ամէն կարողութիւն եւ թուլանում ամէն ճիգ։ Ինքնամփոփ խմբակների մէջ մշակւում են խմբակային և մինչեւ իսկ անհատական լեզուներ. ստեղծագործութիւնը դառնում է ջերմանոցային. հոգիները փշակալում են կամ չափազանց նրբանում. գրականութիւնը դադրում է հանապազորդ հաց լինել եւ դառնում է մեկուսի խմբակների եւ ինքնամփոփ անհատների վայելք։ Նոր սերունդի զանգուածը ոգու սով չունի, իսկ սակաւաթիւ անձերը, որ այդ սովն ունին, ապրում են զանգուածներից դուրս, վեր ու մեկուսի:
Բայց այդ մեկուսի ոգիներն են, որ արժէք ունին եւ ստեղծում են հանրային արժէքներ: Նրանց ներքին աշխարհի մէջ է ազգն իր վերելքն ապրում եւ իր կարողութիւնները ցուցադրում: Նրանք են, որ ստեղծում են մշակոյթ եւ յարատեւում ազգի ոգեկան կերպարանքը: Դժնդակ պայմանների բերումով ազգի բազմութիւնն ու իր մեծարժէք ծիլերն ապրում են տարանջատ եւ ծիլերը յաճախ խամրում են բաւարար սնունդ չառնելով ցեղակից հողից: Բայց այդ