Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/36

Այս էջը սրբագրված է

համար մաշում Է, վատնում Է իր մարմնական եւ հոգեկան ուժերը, չարքաշ կեանքի եւ ճնշող պայմանների, տգիտութեան, անբարոյականութեան, կեղտի եւ ապականութեան մէջ: Այդ ամբոխը նրան հետաքրքրում է միայն տեսականապէս, կամ որպէս իր հերոսների խօսակցութեան առարկայ, կամ որպէս նրանց ցնորքների եւ ձգտումների յենակէտ. գործնականապէս նա չի հետաքրքրւում, ցոյց չի տալիս նրան եւ իսկի չի էլ ցոյց տայ: Իր «Երնէկ» (*) բանաստեղծութեան մէջ, ուր նա իր «»պէտքի գալն» զգալու համար ամէնատարօրինակ եւ թովիչ բաներ է ուզում դառնալ - երգ, երազ, ցօղի շիթ եւայլն, նա ցանկութիւն չի յայտնում լինել մի հասարակ զինուոր, որ կռւում է ժողովուրդի բարիքի համար: Այս նկատողութիւնը փոքր է, բայց բնորոշ է Շանթի համար: Նա իր բոլոր գրուածներում վերին աստիճանի անկեղծ է. եւ զարմանալի էլ չէ. չէ՞ որ նա տաղանդաւոր է. իսկ ինչումն է տաղանդի ուժը, եթէ ոչ անկեղծութեան մեջ: Նա իր ամէն մի զգացմունքը ամէնաթեթեւից մինչեւ ամենախորը արտայայտում է շատ պարզ ու հասարակ, այնպէս որ ընթերցողի մէջ եւս ներշնչում է իր զգացածը. նա բառերի կուտակումով չի ուզում ցոյց տալ թէ բան է ասում. նրա մէջ ձեւանալը կատարելապէս բացակայում է։ Այսպէս ուրեմն, Շանթը մի կենսուրախ, լաւատես, իդէալականի հակած եւ անկեղծ գրող է: Դառնանք «Երազ օրերին»:

«Երազ օրերի» բովանդակութիւնը չի էլ կարելի պատմել։ Մի երիտասարդ գիշերօթիկ սիրահարւում է Դիլիջանում մի ջահել աշակերտուհու վրայ. պարապում է նրա հետ հայոց լեզուով, ուրախ ժամանակ է անցկացնում, ամառուայ վերջը հեռանում եւ իր կամքի հակառակ ստիպւում իր յարաբերութիւնները կտրել: Ահա բոլորը. եւ այս փոքրիկ նիւթից Շանթը մշակել է մի գեղարուեստական վէպիկ, վերին աստիճանի բանաստեղծական եւ դիւթիչ: Շանթը իր այս վէպիկում արուեստագէտի հմտութեամբ կարողացել է յաջող վերլուծել «առաջին ճշմարիտ սէրը» իր հիանալի կողմերով, իր արբեցուցիչ քաղցրութեամբ, սիրտ անհանգստացնող կասկածներով, խանդի յուզումներով եւ բաժանման դառնութեամբ: Երազ օրերը մի թրթռուն, սիրոյ երգ է արձակ գրած: Գլխաւոր բնաւորութիւնները գծագրած են հմտութեամբ. եթէ նրանք բազմակողմանի եւ ամբողջական չեն, դրա պատճառն այն է, որ նրանք դեռ չկազմակերպուած,

(*) «Մուրճ» 1895 թ. թիւ 3-4։