Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/39

Այս էջը սրբագրված է

պայմաններում մեծացած մի ջղոտ օրիորդից: Մենք կը տեսնենք շուտով թէ ինչ։

Այդպիսի շրջանում կրթուած աղջիկ Վարդուհին, ազատուած դպրոցական ծանր ու ձանձրալի պարապմունքներից գալիս է հանգըստանալու Դիլիջանի պէս մի գեղեցիկ տեղ։ Նա միանգամից ընկնում է այնպիսի պայմանների մէջ, ուր ակամայ զգացում է մի մօտ ընկերոջ եւ, ինչ ասել կուղի, «տղայ» ընկերոջ կարիք։ Եւ այդ հարկաւոր մարդն էլ երեւում է․ նա պատահում է իր նման մի ջահել գիշերօթիկի։ Շրջապատող բնութիւնը, մենակութիւնը եւ իրար դրացի լինելը, տարուայ հրապուրիչ եղանակը, երիտասարդական տաք ու սիրակարօտ սրտերը — ահա պայմաններ, որոնք ստեղծում են «Երազ օրերը»: Օրիորդ Վարդուհին սկսում է գործ դնել սեփական կամ ընկերուհիների արած փորձերը նոր երիտասարդի վրայ, շեշտակի նայում է գիշերօթիկի աչքերին, վազում է շատ մօտից եւ համարեա քսւում նրան, փոքրիկ քրոջ շրջանակն է ուղղակի դէպի նա դարձնում, եւ այլն: Տեսնելով որ դիմացինը շատ է անմեղ եւ այդ սատանայութիւնները չի հասկանում, այլ շփոթւում է եւ իր գաւազանի կոթով զբաղւում, նա սկսում է այժմ նրան, ինչպէս ասում են, «կծել» հէնց առաջին ծանօթութեան ժամանակ եւ սրախօսութիւններ անել նրա ուշադրութիւնը գրաւելու համար: Բայց Երուանդը քաչուող է․ թէեւ ծանօթացել են, բայց ուշ—ուշ եւ միայն դուրսն է հանդիպում նրանց ու ամաչկոտ լինելով՝ շուտ—շուտ նրանց տունը չի կարող գնալ: Ի՞նչպէս անել որ Երուանդը որքան կարելի է յաճախ գայ… Վարդուհին անշուշտ փնտռում է միջոցներ, երբ առիթը ինքն է օգնութեան հասնում: Երուանդի ունեցած մի վէճից յետոյ օրիորդի նկարիչ եղբօր հետ, որի նիւթը մայրենի լեզուն էր, նա միտք է յղանում պարապէլ հայոց լեզուով եւ առաջարկել Երուանդին ստանձնէլ օգնողի պաշտօն: Ինչ ասել կուզի որ «ապուրը եփում են»: Այսպէս ուրեմն, մեր կարծիքով, Վարդուհին հայերէն կարդալ ու խօսէլ էր ուզում սովորել ոչ թէ այն պատճառով, որ այդ որոշումը երկար մտածելու արդիւնք էր ինչպէս ինքն է ուզում հաւատացնել, որ նա այդ լաւ էր համարում, իր պարտականութիւնն էր համարում, գիտակցում էր այդ բանի կարեւորութիւնն ու նշանակութիւնը, այլ որ նա դրանով հնարաւորութիւն կը ստանար միշտ իր մօտ ունենալ մի երիտասարդ «դեղձան մազերով, խոշոր անուշ աչքերով եւ ճենթըլմենական կազմուածքով», մի երիտասարդ իր նման տաք, իր նման սիրածարաւ եւ բարեկազմ,