Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/49

Այս էջը հաստատված է

որ Վարդուհու «վերափոխութիւնը» չի արտայայտուած աստիճան առ աստիճան. հեղինակը, ամբողջ ուժը կենտրոնացնելով երկու ջահելների սիրոյ վրայ, նուազ ուշադրութիւն է դարձրել նրանց բնաւորութեան միւս գծերի վրայ. մասամբ այս կարող է արդարացնել վէպիկի ձեւը. նա յուշատետր է, իսկ յուշատետրի գրողը չի կարող դիմացնի հոգին մտնել, մասամբ էլ՝ հեղինակի անփորձութիւնը: Մի բան միայն որոշ է. նա ուզում է գործել իր հայրենիքում — իսկ այդ բանի համար գնալու է արտասահման ընկերական գիտութիւններ սովորելու: Երուանդը իր ձգտումների եւ նպատակների անորոշութեամբ նոյն իսկ՝ յուսալի երեւոյթ է. այդ անորոշութիւնը շուտով կը ցնդի, երեւակայութեան աշխարհից նա իրական աշխարհը կը մտնի, այս անգամ արդէն որոշ ծրագիրներով եւ որոշ նպատակի ձգտելով: Եղածից կարելի է գուշակել, որ նա բուն ժողովրդի մէջ չի կարող մտնել. այդ շրջանը Երուանդի շրջանը չէ եւ նա այնտեղ ոչինչ չի կարող անել — նա հաւանական է, որ հասարակութեան մէջ մտնի եւ օգտակար գործիչ դառնայ այդ շրջանում:

Վէպիկի մեծ մասը նուիրած է Երուանդի եւ Վարդուհու սիրոյ ծագման, նրա ելեւէջներին եւ զարգացման: Այդ սէրը մի լաւ ապացոյց է Երուանդի իդէալական մարդ դառնալու ձգտումն ունենալուն, նրա բանաստեղծական եւ յափշտակուող բնաւորութիւն լինելուն, նրա կուրանալու չափ տարուել կարողանալուն: Այդ շատ բնական է։ Մարդկանց այն տեսակը, որին պատկանում է Երուանդը, զարմանալի խաբուող է լինում. այդ արդիւնք է այն բանի, որ նրանք ուրիշների վրայ նայում են ինչպէս իրանց վրայ եւ ուրիշներին համարում են իրանց նման: Տեսէք թէ ի՜նչպէս գոհունակութեամբ արձանագրում է Երուանդը, երկու թէ երեք տեղ, որ իր ճառը պիտի դրդած լինի Վարդուհուն հայերէն սովորելու որոշումը կայացնել, բայց ընթերցողները տեսան, թէ այդ հաւանօրէն ինչ «ճառ» պիտի եղած լինի, որ դրդել է Վարդուհուն, այդ սիրակարօտ եւ թրթռուն աղջկան: Երուանդը Վարդուհու ամէն վարմունքը մեկնում է իր համար նպաստաւոր կերպով, առանց մի րոպէ կասկածելու, որ նրա արածները միայն իրան գրաւելու համար են… Համբոյրից յետոյ յատակագծած ծրագիրներով Վարդուհին տարւում է այն պատճաով, որ նա չէր կարող դիմանալ Երուանդի ոգեւորութեան թափին. այդ գրաւումը սիրային արբեցման մէջ առաջ եկած գրաւումն է: Այսպէս ուրեմն, իր սիրոյ ամբողջ շրջանում, Երուանդը