Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/50

Այս էջը հաստատված է

մի հաճելի եւ հմայիչ պատրանքի մէջ է. նա երազի մէջ է: Նրա զգացմունքն անկեղծ է եւ ուժեղ. այլ կերպ էլ չի լինում «առաջին ճշմարիտ սէրը», որի յիշատակը երբեք չի չքանում մարդու սրտից: Սիրոյ կորուստը, այն էլ առաջին սիրոյ կորուստը, ծանր, շատ ծանր բան է. բայց վհատել հարկաւոր չէ: Եւ Երուանդը հաւանօրէն չի էլ վհատի: Այն «սուրբ իղձերը», որ նա ունի, այն «ոգեւորութիւնն ու անձնամոռ լեզուն կեանքը» որ նա երազում է, կը բռնեն ակամայ կորցրած սիրոյ տեղը: Նրա ձգտումները աւելի կը պարզուեն եւ որոշ գոյն կը ստանան, աւելի ինտենսիւ կը դառնան եւ կը մղեն նրան լուսաւոր երկիրները, այնտեղից մեզ համար լոյս ու ջերմութիւն բերելու եւ մեր կեանքում, հասարակութեան օգտին գործելու եւ ոչ «փող դիզելու եւ հանգիստ օրեր անցկացնելու»: Ահա՛ այսպէս են մեր նոր, պատրաստուող սերունդի լաւագոյն ներկայացուցիչները։ Եթէ պիտի հաւատարիմ մնաք ձեր դաւանած սկզբունքներին, եթէ պիտի ձգտէք իրագործել ձեր ծրագիրները, այն ժամանակ եկէք նոր սերունդի ներկայացուցիչներ. մեր կեանքը խոպան է, մարդկանց կարիքը չափազանց զգալի. թող ժողովուրդն ու նրա բարիքը լինեն ձեր խոհերի եԼ ձգտումների առարկան, ազնւութիւնն ու շիտակութիւնը ձեր գործելու եղանակը. եկէք, մենք սպասում ենք ձեզ …

ՄՈՒՐՃ — Ը. Տարի (1896) թիւ 12, Դեկտեմբեր