Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/59

Այս էջը հաստատված է

…Կը կռուէիր մեզի հետ,
Որ ոտքերդ կից մը տուին
Պինդ զարկովը ուժեղին
Երկու ծիծիս մէջտեղին…


(ՀԻՆ ԱՍՏ. 40)

Այս զուգահեռները ցոյց են տալիս, որ «Հին Աստուածների» պատկերները իբրեւ տարերք ու սաղմ գտնւում էին Շանթի երեւակայութեան մէջ «Երազ օրերին» եւ նրանից առաջ: Այստեղից մինչեւ միգանուշների եւ ալենուշների, ինչպէս նաեւ դրամայի վերջին տեսարանը մի ստեղծագործական քայլ է միայն:

Բայց ահա ձեզ եւ ամենահիմնական տեսարանն ու հակադրութիւնը: Դեռատի զոյգը առաջին անգամ ճաշակում է համբոյրի քաղցրութիւնը Սեւանի գլխին, ուր երբեմն մեհեան է եղած, կիսաւեր մատուռի դրանը, վերջալոյսի կարմիր շողերի մեջ։ «Հին Աստուածներն» այստեղ են առաջին անգամ յաղթանակում մատաղ ու երազոտ սրտերի զգաստութեան վրայ:

«Արեւը դիմացի Գեղարքունեաց լեռներու երկու սուր գագաթներուն մէջ մայր կը մտնէր. խոշոր, ամեհի ոսկի մը կարծես, որ բնութիւնը ծանր—ծանր ու դժուարաւ կը մղէր իր գանձանակը: Բայց ոսկին անյայտացած է արդէն ու արեան կարմիր մը կ՚ողողէ երկնակամարի այդ հատուածը…:Այդ կարմիրը կ՚արտացոլէ կղզիին ժայռերուն վրայ, գագաթին վրայ, մատուռին վրայ, մեր վրայ»… (էջ 137-138)։

Եւ այդ կարմիր շողերի մէջ՝ աղջիկը կրթնած «մատուռի» դրանը, Սեւանի «անապատում» տղան գալարուած նրա կուրծքին ու երկուսն էլ վերացած մի կիզանուտ համբոյրի մէջ—ահա ձեզ «Հին Աստուածների» հիմնական հակադրութիւնը: Նայեցեք այս զոյգին հեռուից եւ կը տեսնեք նրանց արեւի լայն սկաւառակի վրայ, ինչպէս երեւում են ծագող արեւի սկաւառակի մէջ Վահագն ու Աստղիկը «Հին Աստուածնեում»:

ը.

Կարծում ենք պարզուեց այն սերտ առընչութիւնը, որ կայ Շանթի այս երկու գրուածների մէջեւ։ Նոր դրամայի կենդրոնական անձերից երկուսին՝ Աբեղային ու Սեդային մենք գտնում ենք «Երազ