Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/68

Այս էջը հաստատված է

ԵՐԱԶ ԵՒ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ

ԼԵԻՈՆ ՇԱՆԹ.— «Հին Աստուածներ». դրամա

(հազարամեակ մը մեզմէ առաջ) Կ. Պոլիս, Արաքս, 1912, 124 էջ

ա.


«Հին Աստուածները» չտեսնուած յաջողութիւն ունեցան մեզանում: Մինչեւ թատերական սեզոնի վախճանը վեց ներկայացում Թիֆլիսում, հինգ ներկայացում Բագւում. գրական դատ այդ երկու քաղաքներում. երեկոյթ հայոց գրական ընկերութեան մէջ «դատից յետոյ» անունով, զրոյցներ ու դասախօսութիւններ հայերէն եւ ռուսերէն. անսպառ վէճեր ու մեկնութիւններ մասնաւոր հաւաքոյթներում. թատրոնն ամէն անգամ բերնէ բերան լիքը` չնայած երբեմն բարձր գներին. հայ թատրոնում օտարազգիներ՝ ռուսներ, վրացիներ ու թուրքեր, իսկ հայերից այնպիսի մարդիկ, որ տարիներով թատրոնի երես չեն տեսնում. անթիւ յօդուածներ մամուլի մէջ՝ թեր ու դէմ Շանթի դրամային, որոնք դեռ շարունակում են լոյս տեսնել. հեղինակի անունը ամէնքի բերանում, նրա գրքի եղած օրինակները մի օրում սպառուած-այս ամէնը երեւոյթներ են, որ չէր տեսած ոչ հայ բեմը որ հայ գրականութիւնը:

Իր անօրինակ յաջողությամբ Շանթի դրաման դարձաւ հասարակական յառաջադիմութեան մի խթան եւ ազդակ միանգամայն։ Արուեստի եւ իմաստասիրութեան հարցեր, հոգեբանական եւ բարոյական խնդիրներ, որ հանրային ուշադրութեան առարկայ չէին դարձած մեզանում՝ քննութեան եւ հետախուզութեան ենթարկուեցին: