Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/80

Այս էջը սրբագրված է

այն է, որ իրապաշտ ու սիմբոլիք յղացումները երբեմն գնում են զուգահեռ ու համերաշխ, երբեմն շեղում են ճամբան:

Երկու օրինակով պարզենք մեր միտքը: Առնենք այն տեսարանը, ուր Իշխանուհին Վանահօր վերջնական մեկնումից յետոյ ուզում է Եղիսայից եկեղեցու յատակագիծը, համբուրում եւ լացով պատառ—պատառ անում: Սա այն պատկերներից մէկն է, ուր ստեղծագործական երկու յղացում ներդաշնակում են իրար: Իշխանուհին երազել էր, յատակագծել էր երջանկութիւն կառուցանել Վանահօր հետ միասին աշխատելով: Նա ստեղծել իր մի շքեղ երազ, մի պատրանք, որ պատառեց Վանահայրը իր անողոք խօսքերով. երջանկութեան ծրագրի խորտակումը, շինուած եկեղեցին քանդել արտօնէլը, դառն հիասթափութիւնը եւ յատակագծի պատռտելը այստեղ զուգահեռ են իրար: Յատակագծի պատռելը երջանկութեան ծրագրի անհաջողութեան սիմբոլն է: Ոչինչ անիրական, հակահոգեբանական չկայ թէ հոգեկան ներքին վիճակի եւ թէ նրա սիմբոլի արտայայտութեան մեջ: Սիմբոլն իրական է. այդ դէպքը թոյլատրում է երկու մեկնութիւն՝ իրական եւ սիմբոլիք. եւ մէկը միւսին չի հասկանում:

Առնենք այժմ մի ուրիշ տեսարան: Սեղան առաջին անգամ երեւում է աղօթող Աբեղային: «Իմ աշխարհը վանքն է եղեր միշտ» ասում է Աբեղան:

Աղջիկը — Ասիկա՞: Ա՜, ի՜նչ սառն է հոս, ինչպէս կը մրսիմ:

Աբեղան — Կը մրսի՞ս։

Աղջիկը — Բան մը տուր վրաս, որ հոգիս տաքնայ:

Աբեղան — Ես ոչինչ չունիմ։

Աղջիկը — (առանց գլուխը դարձնելու, ետեւը պատէն կախուած վերարկուն մատնանիշ ընելով) Ա՜յ։

Աբեղան — Վերարկո՞ւս:

Աղջիկը — վարանի՞ս: Բայց չվարանեցար կեանքդ ինծի տալու, չվարանեցար, երբ ետեւէս կատղած ալիքներուն մէջը նետեցիր քեզի:

Աբեղան — Ոչ, չվարանեցայ: Ան ուրիշ էր:

Աղջիկը — Այո՛, ան ուրիշ էր: Հոն կռիւ էր ու փոթորիկ, իսկ հոս լուռ է ու խաղաղ, ինչպէս գերեզման: Ա՜, ինչ սառն է հոս, ինչպէ՚ս կը մրսիմ: (Կ՛ելնէ ոտքի):

Աբեղան — (Կը վազէ դէպի վերարկուն, ձեռքը կ՛երկարէ ու նորէն վարանած կանգ կ՛առնէ):