Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/83

Այս էջը սրբագրված է

հեղինակ է, որ փորձում է ստեղծագործել նաեւ սիմբոլիք տեսարաններ: Նրա գործող անձերից երեքը հոգեկան հիւանդ վիճակներ են ունենում, որ ցուցադրւում են առարկայօրէն: Տեսարանների մի մասը միջոցներ են, որոնցով հեղինակը տալիս է իր հերոսների նորմալ մտածումները պատկերների ձեւով:

է.

Ինչո՞ւ համար է Շանթը իր դրամային այդ բովանդակութիւնը տուել. այն միջավայրն ու գործող անձերին ընտրել, ինչ որ տեսնում ենք «Հին ԱստուածնԼերում»: Գրական քննադատութեան մէջ այս հարցերը չեն դնում, մինչդեռ նրանց պարզաբանութիւնը չափազանց կարեւոր է մի գրուածք հիմնովին ըմբռնելու համար: Ճշմարիտ է, այդ հարցերն աւելի վերաբերում են ստեղծագործութեան հոգեբաննութեանը, բայց մի գրուածքի կառուցումն ու մշակութեան եղանակը անհնարին է լիովին պարզել, առանց այդ հարցերին պատասխանելու:

Բովանդակութեան ընտրութիւնը միշտ կապ ունի այն խնդրի (պրոբլէմ) հետ, որ զբաղեցնում է հեղինակին: Այդպէս է մանաւանդ այն հեղինակների համար, որոնց գիտակցութիւնը գործօն մասնակցութիւն ունի նրանց ստեղծագործութեան մէջ, որոնք ոչ միայն բնազդով ու ներշնչումով են ստեղծում, այլ եւ խելքով ու հաշուով: Շանթն այս աեսակ գրողների թուին է պատկանում. պատկերների յղացման ժամանակ խլրտում է ե՛ւ նրա միտքը ու խանգարում ներշնչման։ Նա ինքը չի վստահում բնազդին եւ սիրուն յղացումները՝ բնական կարգի այդ ծաղիկները՝ թօշնում են գիտակցութեան Խ արեւից եւ կորցնում իրենց կենդանութեան մի մասը:

Շանթին զբաղեցնում են մեծ խնդիրներ, որոնցից մէկը դրուած ու լուծուած է «Հին Աստուածներում»: Մեռնո՞ւմ են արդեօք մարդու մէջ «Հին աստուածները». կամ ուրիշ խօսքով՝ չքանո՞ւմ են երբեւիցէ մարդու հողուց կռուի եւ սիրոյ տենչերը. ահա խնդիրը: Այս խնդիրը դնելու եւ լուծելու պահանջը ծնունդ է տուել դրամայի բովանդակութեան եւ անձերին: Ինչպէս մանրէաբանը որեւէ մանրէ հետազօտելու համար առաջ է բերում «զուտ կուլտուրաներ», այնպես էլ մեր արուեստագէտը իր խնդիրը դնելու համար պէտք է գտնէր նպաստաւոր միջավայր եւ նա ընտրում է Սեւանի անապատը, ուր՝ ինչպէս ասում է պատմական աւանդութիւնը՝ երբեմն եղած է մեհեան: