Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/84

Այս էջը սրբագրված է

Ինչ առաւելութիւններ ունի անապատը այդ խնդիրը պայծառօրէն դնելու համար: Նա մի վայր է, ուր աշխարհը իր սիրով ու կռուով մուտք չունի։ Դեռ աւելի. անապատը հիմնուած է աշխարհի դէմ պայքարելու համար: Այդտեղ հաւաքուած են «Հեզ ու խոնարհ» մարդիկ, սակաւապէտ, անձնատուր հսկումի, աղօթ եւ ներքնասոյզ խոհանքի»: Նրանց սնունդը չափազանց աղքատ է կրքեր յարուցանելու համար եւ պահանջները չափազանց չնչին՝ գոյութեան մեծ պայքարին մասնակցելու համար: Առանձնութեան մէջ նրանք առիթներ չունեն աշխարհի հետ շփուելու եւ եթէ պատահում են շփման դէպքեր շատ աննշան են կամ վաղանց: Աշխարհիկ հիւրերը ամէնից շատ «երեք օր» միայն կարող են մնալ այնաեղ. կեանքի ոչ մի անկիւնում այնքան փոքր չէ շփումը աշխարհի հետ, որքան անապատում: Եթէ այս շրջտնում «Հին Աստուածները» չեն մեռնում, միւս շրջանների մասին խօսելն աւելորդ է: Պարզ է կարծում ենք, որ Շանթը անապատը պիտի ընտրէր միջավայր՝ իրան զբաղեցնող խնդիրը դնելու եւ լուծելու համար:

Խնդիրը ազդում է գործող անձերի ընտրութեան վրայ: Պետք է դրուած հարցը քննել բոլոր հասակի եւ հոգեկան զարգացման տէր անձերի մէջ։ Սրանով անհրաժեշտ են դառնում երիտասարդ եւ բանաստեղծական խառնուածք ունեցող Աբեղան, միջահասակ եւ բարձր բանականութեան տէր Վանահայրը, ծերունի վանականը, գռեհիկ Զաքարեայ վանականը, ինքնագոհ երիտասարդ վանականը եւ մոլեռանդ Կոյր Աբեղան: Սրանցից ամէն մէկը մի գեղարուեստական պատասխան է հնարաւոր առարկութիւնների: Դուք կարող էք ասել.— Ի հարկէ Վանահօր մէջ չեն կարող մեռնել «Հին աստուածները», քանի որ նա սիրել եւ ապրել է աշխարհում եւ իր տառապանքը մոռնալու համար քաշուել է անապատ: Բայց ահա Աբեղան, որ մանուկ օրերից ապրում է վանքում, կեանքին անծանօթ, անփորձ, դեռատ, որքան էլ մեկուսացած աշխարհից, բայց նրա մէջ եւս չեն մեռնում «Հին աստուածները»: Դուք կարող էք առարկել. Աբեղան երիտասարդ է եւ բնական է, որ նրա մէջ չմեռնէին կռուի եւ սիրոյ տենչերը: Բայց ահա ձեզ Վանահայրը ,որ «գրեթէ ծերունի» է, ահա ձեզ ծեր վանականը, որ միշտ կրկնում է «մենք մարդ ենք, ՎանաՀայր»: Դուք կարող էք նկատել, որ վանականները գռեհիկ են. զարմանալի չէ, որ փորձւում են աշխարհի վայելքներից՝ խորտիկների եւ կնոջ կերպարանրով, բայց ահա «ազնիւ ու մաքուր» Աբեղան, ահա վանքի առաջնորդը, դէպի վեր ձգտող, միշտ