Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/87

Այս էջը սրբագրված է

չեն իբրեւ դրամայական տեսարաններ: Այսպէս են նաեւ միւս տեսարանները: ինչպէս տեսնում էք` ընթացքը վիպկան է. գործողութիւններ չեն, որ յաջորդում են միմեանց, այլ պատկերներ, որոնց զօդում է իրար ո՛չ թէ դրամայի ֆաբուլան, այլ նրա հիմնական գաղափարը. տեսարանները գործի հետ չեն կապուած, այլ գրուածքի իմաստի հետ, նրանք բնաւորութիւններ չեն նկարում, այլ դրամայի իդէալն են պարզաբանում: Դուք տեսնում էք, որ հեղինակին ոչ թէ բնաւորութիւներն են հետաքրքրում, այլ իր գաղափարների ցուցադրութիւնը:

Պէտք է բացատրել այս երեւոյթը ինչո՞ւ մի դրուածք, որ կոչւում է «դրամա», դրամա չէ իրօք։ Հեղինակի թիւրիմացութեան արդթ՞ւնքն է այս երեւոյթը: Նախ պէտք է նկատել, որ «Հին Աստուածների» հերոսները դրամայական բնաւորութիւններ չեն: Իրաւունք ունէր Լեսսինգը տարակուսելու, ասելով. «Գուցէ ճշմարիտ քրիստոնեայ անձնաւորութիւնը բնաւ դրամայական չէ՞: Գուցէ նրա ամէնաէական յատկութիւնները՝ խաղաղ հնազանդութիւնը եւ փոթորկազուրկ հեզութիւնը հակասո՞ւմ են ոզբերդութեան բուն իսկ խնդրին, որի նպատակն է մաքրագործել կրքերը կրքերով։ (*) Եթէ քրիստոնեայի վերաբերմամբ վիճելի համարուի այս տարակոյսը, անապատականի վերաբերմամբ անւիճելի է։ Ոչ րուռն կրքեր կան անապատում, ոչ պայքարներ արտաքին արգելքների դէմ: Շանթին զբաղեցնող խնդրի ցուցադրութեան համար շատ յարմար են վանականները, բայց իբրեւ դրամայի հերոսներ խիստ անյարմար: Ուրեմն վերը յիչած երեւոյթի պատճաոներից մէկը Շանթի իմաստասիրական հետաքրքրութիւնն է, որ աւելի պրոբլէմին է հետամուտ, քան դրամայական բնաւորութիւններ գծելուն:

Երկրորդ պատճառն այն ըմբռնումն է դրամայի մասին, որ ունի Շանթը եւ որ կարելի է մակաբերել «Հին Աստուածներից»: Ամբողջ դրուածքը պարզ ցոյց է տալիս, որ Շանթը «դրամա» ասելով ուրիշ բան է հասկանում, քան սովորաբար կարծում են:

«Հին Աստուածների» մէջ շատ թէ քիչ դրամայական բնաւորութիւն ունեն վանահայրն՛ ու ԻշխանուՀին. եւ իսկապէս երեք–չորս տեսարան կայ ամբողջ դրուածքում, որոնք արժէք ունեն դրամայի տեսակէտից եւ որոնք յուզում են հանդիսականին. Իշխանուհու եւ վանահօր երկու տեսարանները, ՎանաՀօր

(*) ԼԵՍՍԻՆԳ. Համպուրկեան տրամախօսութիւն 1883, էջ 12: