Հասկանալի է, որ այսօրուան դրաման պէտք է կորցնէր իր էութիւնը եւ պահպանէր արտաքին ձեւը միայն: Նորից բացւում է վարագոյրը, նորից լսւում են տրամախօսութիւններ, բայց պակասում է պայքարն ու մաքառումը, չի նկատւում գործողութիւն եւ կրքերի ընդհարում. չկան զօրեղ անհատներ եւ ամբողջական բնաւորութիւններ, որ վեհ կերպարանք են տալիս յունական եւ Շեքսպիրեան դրամային։ Կեանքի մէջ չկան անհատական մեծ ընդհարում եւ դրամային մնում է դառնալ իմաստասիրական ու սիմբոլիք մի գրվուածք կամ տեսարանների մի շարք, մի վէպ, մի քերթուած, որի նկարագրական մասը պատրաստում է բեմայարդարը, իսկ տրամախօսութիւնն արտասանում են դերասանները:
Մի շրջանակ կայ դեռ եւս, ուր հնարաւոր են դրամայական կացութիւններ՝ ընտանիքը. եւ արդէն մի դար է, որ բեմական արուեստը այնտեղից է առնում իր նիւթերը, միշտ նոյն ընտանեկան խնդիրների շուրջը պտտելով։ Այս ամէնից հետեւում է, որ գրականութեան մէջ, որքանով նա անհատական ապրումների թարգման է, պէտք է գերակշռէին տխուր խազերը եւ քնարական տարրը, ինչ որ իրոք մեր դարի գրականութեան հիմնական յատկութիւնն է. վէպերն անգամ դարձել են արձակ բանաստեղծութիւններ, իսկ դրամաները՝ քերթուածներ:
Այս պայմանների արդիւնք է ահա նոր դրաման եւ այս նոր հովերի ազդեցութեան տակ է դրուած «Հին Աստուածները», որի հերոսները նոյնպէս դրաման ապրում են իրենց ներսը: Սրանից արդէն հետեւում է, որ Շանթի դրաման չի կարող յարուցանել եւ չի յարուցանում դրամայական հետաքրքրութիւն. նա մի վերլուծութիւն է հերոսների ոգու, նրանց ներքին պայքարների եւ տարակուսանքների, բայց ոչ կամքերի եւ կրքերի ընդհարում: «Հին Աստուածները» մի վէպ է բեմական տեսարանների բաժանած:
Դրամա չլինելով՝ «Հին Աստուածները» չի դադարում մի նոր եւ շատ աչքի ընկնող երկ լինելուց մեր գրականութեան մէջ: Նա ունի բազմաթիւ գրական արժանիքներ, որոնցով իրաւամբ գրաւեց ամէնքի ուշադրութիւնը։ Նրա բոլոր տեսարանները դիտւում են հաճոյքով, թէեւ առանց յուզումի, բացի վերը յիշած երեք–չորս տեսարանները, որ խռովք են ազդում նայողի հոգուն: Ազատ երեւակայութեան սիրուն յղացումներ են, անշուշտ, ճերմակաւորի եւ Սեդայի երեւումները, ճգնաւորի հանդէս գալը, Հովիկների եւ Միգանուշների տեսարանը, ինչպէս նաեւ յուզուած ալիքների խաղը