Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/93

Այս էջը սրբագրված է

Մութ գիշերներս այս անգին,

 Երբ սանձարձակ կը թնդեմ,
 Շղթաները խոհանքիս.
 Ու կը ծնեմ նուրբ դէմքեր
 Բոց քաոսէն նեղ գանգիս,
 Որոնց սիրտս տալ կ’ուզէր
 Ամբողջ ըղձացքը կեանքիս.

Վերջին չորս տողը նա դուրս է գցել իր երգերի հրատարակութեան ժամանակ (1904), բայց նրանք շատ բնորոշ են Շանթի ստեղծագործութեան համար։

Յատկապէս երկու բառ լաւապէս բնորոշում են նրա տաղանդի յատկութիւնները. «նուրբ» ու «նեղ»: Նրա տեսողութեան դաշտը իր վէպերի մէջ շատ նեղ է, գործող անձերը սակաւաթիւ եւ նրանցից միմիայն գլխաւորները՝ նուրբ գծած: Այդ նրբութիւնը պէտք է հասկանալ այն մտքով, որ նրանք աւելի են, քան ստուերագիծը եւ պակաս մկանոտ ու կենսալից, քան իսկական «բոց քաոսից» ծնուած անձերը:

Քանի դեռ աշխատանքը կատարւում Է մանր պատկերների, ոճական զարդարանքների, անձնաւորումների, համեմատութիւնների շրջանում՝ Շանթն անսպառ, սրամիտ, ճարպիկ եւ հնարագէտ ստեղծող է. հարկ չկայ երկար կանգ առնելու նրա գեղեցիկ, աշխույժ ու կտրուկ լեզուի վրայ, որ ամէնքին հանրածանօթ է։ Երբ այդ աշխարհից նա բարձրանում է դէպի անձեր ու կացութիւններ ստեղծելն եւ պատկերելը նրա պաշարը պակասում է եւ ստեղծագործական կարողութիւնը նուազում: Նա դեռ վարպէտօրեն գծում է հոգեկան աշխարհի մանր անց ու դարձը, այս կամ այն վայրկեանը, բայց մի հոյակապ ամբողջութիւն ստեղծելու, մի բազմակողմանի կեանք զուգադրելու, բազմաթիւ ու տարատեսակ բնաւորութիւններ նկարելու կարողութիւնը պակասում է նրան: Կարծէք մանրամաս- ների մէջ նա կորցնում է ամբողջը, կարծէք նա սովորութիւն չունի, նկարիչների օրինակին հետեւելով, յաճախակի հեռանալ իր նկարից՝ ամրողջը դիտելու համար:

Անձեր ու տիպեր կենդանագրելու համար շատ աւելի կարող եւ հնարագէտ երեւակայութիւն է պահանջւում: Ի՞նչ կը նշանակէ կենդանագրել մի անձ կամ տիպ. այդ նշանակում է նրան դնել բազմապիսի կացութիւնների մէջ եւ ամէն անգամ նկարել նրա վերաբերումը դէպի ինքն ու իր շրջապատը: Այդ կացութիւնները պէտք է