և իջևանել էին այստեղ։ Իսկ որովհետև մեր արկածախնդրի աչքում այն ամենը, որ նա տեսնում, խորհում ու երևակայում էր՝ ներկայանում էր իրական և իր կարդացած վեպերի ոգով ու ձևով ստեղծված, ապա իջևանատունը տեսնելուն պես իսկույն վճռեց, թե՝ սա դղյակ է չորս աշտարակով, փայլուն արծաթից կապած կտուրով, շարժական կամրջով և խոր խրամատով, մի խոսքով՝ այն բոլոր պարագաներով, որ հիշատակվում են դղյակների նկարագրություններում։
Նա մոտեցավ իջևանատանը (որ նրան դղյակ էր թվում) և դարպասից մի քանի քայլ հեռու կանգնեցրեց Ռոսինանտին, որովհետև սպասում էր, որ աշտարակի ատամների արանքում որևէ թզուկ կերևա և փող կփչի, ազդարարելով ասպետի գալուստը։
Սակայն որովհետև թզուկը հապաղում էր, իսկ Ռոսինանտը՝ շտապում, որ գոմ հասնի, ապա դոն Կիխոտը մոտեցավ դարպասին և տեսավ այնտեղ կանգնած երկու աղջիկներին, նրա աչքում՝ չնաշխարհիկ տիկիններին, որ դուրս էին եկել դղյակի առջև զբոսանքի։ Այդ իսկ վայրկյանին ինչ-որ մի խոզապան, արտերից խոզերի բոլուկը քշելիս՝ շվի փչեց, որ նրանց մեկտեղ հավաքի։ Դոն Կիխոտը իսկույն երևակայեց, որ դա թզուկն է իր գալուստն ազդարարում։ Ուստի մեծ գոհունակությամբ մոտեցավ իջևանատանն ու տիկիններին։ Սրանք էլ տեսնելով, որ ինչ-որ ձիավոր, տարօրինակ զինված, նիզակ ու վահանով, իրենց է մոտենում, երկյուղից ուզեցին ներս վազել։ Սակայն դոն Կիխոտը, կռահելով, որ նրանք երկյուղից են փախչում, բարձրացրեց ստվարաթղթե երեսակալը և, ցույց տալով իր նիհար ու փոշոտ դեմքը, ամենասիրալիր եղանակով և լրջորեն ասաց․
— Մի փախեք ինձնից, օրիորդներ, և միք վախենա որևէ վիրավորանքից, որովհետև ասպետական միաբանությանը, որին ես պատկանում եմ, անվայել է և անարժան վիրավորել որևէ մեկին, առավել ևս ձեզ նման ազնվազարմ օրիորդներին, ինչպես կարելի է ենթադրել ձեր տեսքից։
Կանայք աչքերը տնկեցին նրա վրա, աշխատելով լավ տեսնել նրա դեմքը, որ կիսով չափ ծածկված էր խղճուկ սաղավարտով։
Իսկ երբ նրանք լսեցին, որ անծանոթն իրենց օրիորդ անունով է մեծարում, չկարողացան իրենց ծիծաղը պահել և այնպես հռհռացին, որ դոն Կիխոտը, վերջապես, բարկացավ ու ասաց․
— Պարկեշտությունը գեղեցկության զարդն է, և ծայրաստիճան անվայել է չնչին պատճառից ծիծաղելը։ Սակայն թող ասածս կշտամբանք կամ վիրավորանք չթվա, որովհետև իմ միակ ցանկությունն է ծառայել ձեզ։
Կանանց համար անհասկանալի այդ լեզուն և մեր ասպետի տարօրինակ արտաքինը կրկնապատկեցին նրանց ծիծաղն ու ասպետի բարկությունը, և անհայտ է, ինչով կվերջանար այդ ամենը, եթե այդ վայրկյանին չհայտնվեր իջևանատերը՝ մի շատ գեր, ուստի և շատ խաղաղասեր մարդ։ Տեսնելով՝ իր առջև այդ անճոռնի կերպարանքը, զինված այդքան պես-պես առարկաներով՝ թեթև վահանով, նիզակով, զենք ու զրահով, նա մեկ կամեցավ միանալ երկու աղջիկներին, սակայն մի քիչ վախենալով զենք ու զրահի այդ կույտից, որոշեց քաղաքավարի խոսել, և այսպես սկսեց․