— Հավատացնում եմ,— ասաց դոն Կիխոտը,— նրա ձեռքով մաղած ցորենից անշուշտ ճերմակ հաց դուրս կգա։ Բայց շարունակիր՝ երբ որ դու հանձնեցիր նրան իմ նամակը, համբուրե՞ց նա նամակս։ Թե՞ գլխին գրեց։ Թե՞ ուրիշ արարողություններ կատարեց, որ արժանի են իմ նամակին։ Ի՞նչ ասաց։
— Երբ որ նրան մատուցեցի նամակը, նա ժրաջան թափահարում էր մաղը, որի մեջ բավական ցորեն կար։ Նա ասաց՝ դրեք, բարեկամս, այնտեղ, ջվալի վրա, ես կարդալու ժամանակ չունեմ, մինչև որ այս ամենը չմաղեմ։
— Օ՜, իմաստուն տիրուհի,— բացականչեց դոն Կիխոտը։— Նա կամեցել է կարդալ առանց շտապելու, որ լիուլի բավարարվի։ Շարունակիր, Սանչո, իսկ նրա այդչափ զբաղված միջոցին դուք ի՞նչ խոսակցություն ունեցաք։ Ինձնից հարցուփորձ արա՞վ։ Դու ի՞նչ պատասխանեցիր։ Ամեն բան պատմիր, տակին բան չմնա։
— Նա բան չհարցրեց,— ասաց Սանչոն,— բայց ես նրան պատմեցի, որ ձերդ ողորմածությունը, ծառայելով նրան, ինքն իր վրա ապաշխարանք է դրել՝ թափառում է լեռներում մինչև գոտին մերկ, վայրենու պես, քնում է կոշտ հողի վրա, հացը առանց սուփրի է ուտում, մորուքը չի սանրում և լալիս ու անիծում է իր բախտը։
— Լավ, իսկ երբ որ նա վերջացրեց ցորեն մաղելը և ջրաղաց ուղարկեց, ի՞նչ ասաց նամակս կարդալուց հետո։
— Նա չկարդաց էլ։ Նա հայտարարեց, որ ո՛չ կարդալ գիտե, ո՛չ գրել։ Նամակն առավ ու պատառոտեց, չկամենալով, որ մեկնումեկը կարդա և գյուղում իր գաղտնիքներն իմացվեն։ Ասաց թե՝ այն, ինչ ես իմ խոսքով պատմեցի ձերդ ողորմածության սիրո և զարմանալի ապաշխարանքի մասին, որ դուք նրա պատճառով դրել եք ձեզ վրա՝ հերիք է ու հերիք։ Վերջն էլ խնդրեց, որ ձերդ ողորմածությանն ասեմ, թե ինքը համբուրում է ձեր ձեռքը, թե իրեն համար ավելի ցանկալի կլիներ տեսնվել ձեզ հետ, քան ձեզ նամակ գրել։ Դրան ավելացրեց, որ աղաչում ու հրամայում է պատասխանն ստանալուն պես դուրս գաք այդ խորխորատներից, դադարեք հիմարություններ անելուց և շուտով դառնաք Տորոսո, եթե միայն ավելի կարևոր բան ձեզ պահելու չլինի, որովհետև ինքը շատ կկամենար տեսնել ձերդ ողորմածությանը։ Նա սաստիկ ծիծաղեց, երբ որ իրեն ասացի, թե ձերդ ողորմածությունը կոչվում է Վշտակերպ Ասպետ։
— Առայժմ ամեն ինչ լավ է,— ասաց դոն Կիխոտը։— Բայց ասա տեսնեմ՝ հրաժեշտ տալիս ի՞նչ թանկարժեք իր նվիրեց քեզ, բերածդ լուրերի համար։ Չէ՞ որ տիկինների և թափառական ասպետների միջև հնուց արմատացած սովորույթ կա՝ զինակիրներին, բարեկամուհիներին կամ թզուկներին, որ լուր են բերում տիկիններից կավալերներին կամ կավալերներից տիկիններին, սովորաբար թանկարժեք իրեր են նվիրում, իբրև պարգև առաքելության համար։
— Հնարավոր բան է։ Իմ կարծիքով, լավ սովորույթ էլ է։ Սակայն, ըստ երևույթին, հնում է այդպես եղել, իսկ հիմա ընդունված է մի կտոր հաց ու պանիր նվիրել, այն հացի կտորի պես, որ ցանկապատի վրայով ինձ մեկնեց տիրուհի Դուլսինեան, երբ որ ես մնաս բարով էի ասում։