Այս էջը սրբագրված է

որ իսկական և իրական վերմակ էր։ Ես հիշում եմ, որ նույն պանդոկապանը, որ հիմա էլ այստեղ է, բռնել էր վերմակի ծայրից և ամբողջ ուժով ինձ վեր էր թռցնում, այն էլ ծաղրուծանակ անելով։ Թեև ես ուսումնական մարդ չեմ, այնուհանդերձ կարծում եմ, թե քանի որ նրանց բոլորի երեսը ճանաչեցի, ուրեմն այստեղ ոչ մի կախարդանք չկա և չի եղել, այլ պարզապես սաստիկ ծեծ է եղել և մեծ անախորժություն։

— Իմացած լինես, Սանչո բարեկամ, որ քեզ նման անպիտանը բովանդակ Իսպանիայում մենակ ղու ես, որ կաս։ Երդվում եմ․․․ (նա աչքերը վեր բարձրացրեց և սեղմեց ատամները), որ քեզ պատառ-պատառ կանեմ, բոլոր ստախոս զինակիրներին սաստելու համար։

— Հանգստացե՛ք, ձերդ ողորմածություն, տեր իմ,— պատասխանեց Սանչոն,— շատ կարող է պատահել, որ ես տիրուհի Միկոմիկոնի կերպարանափոխության վերաբերյալ մի բան շփոթած լինեմ։ Գալով հսկայի գլխին, ավելի ճիշտ՝ ծակծկված տկերին և այն բանին, որ արյունը կարմիր գինի է եղել, ապա երդվում եմ աստծով, որ չեմ սխալվում, որովհետև ծակծկված տկերը մինչև հիմա ձերդ ողորմածության անկողնի գլխատեղի մոտ են, իսկ կարմիր գինին լճացել է սենյակում։ Իսկ եթե չեք հավատում, համբերեցեք մինչև ձեր ճաշը եփեն՝ դուք կտեսնեք, թե պարոն իջևանատերը ի՜նչ հաշիվ կներկայացնի իր վնասների համար։ Իսկ մնացած բաներում, եթե տիրուհի իշխանուհին նույնն է մնացել, ինչ որ եղել էր, ապա սրտանց ուրախ եմ, կնշանակի՝ ինձ էլ, ինչպես աշխարհի ամեն մի զավակի, կհասնի իմ բաժինը։

— Ահա թե ինչ կասեմ քեզ, Սանչո,— պատասխանեց դոն Կիխոտը,— ներիր ինձ, բայց դու շատ տխմար ես։

ԳԼՈՒԽ XXVI
ԻՋԵՎԱՆԱՏԱՆԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՆՑՔԻ ՈՒ ԴԵՊՔԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Իջևանատանը մեծ աղմուկ բարձրացավ։

Երկու կենվոր, որ այդ գիշեր իջևանել էին, նկատելով որ բոլորի գլուխը խառն է, ուզում էին առանց վճարելու փախչել։ Սակայն իջևանատերը, որի համար իր շահը ավելի բարձր էր, քան ուրիշինը, դռան առջև նրանց բռնեց և պահանջեց վճարը, այնպիսի՜ լուտանք թափելով նրանց գլխին, որ նրանք, ի պատասխան, կռիվ սկսեցին և այնպես էին ծեծում նրան, որ խեղճը աղաղակ բարձրացրեց և սկսեց օգնություն կանչել։

Իջևանատիրոջ կինն ու աղջիկը դոն Կիխոտից բացի պարապ և խեղճին օգնել կարող մարդ չգտնելով, դիմեցին նրան.

— Ձերդ ողորմածություն, պարոն ասպետ, օգնեցե՜ք այդ խեղճ մարդուն, որին չարագործները ձավարի պես թակում են։

Դոն Կիխոտը դրան պատասխանեց ծանր ու հանգիստ։

— Ես հապաղում եմ, որովհետև վայել չէ, որ սուր բարձրացնեմ ստոր ամբոխի դեմ։ Կանչեցեք իմ զինակիր Սանչոյին, որովհետև նրան է վայել նման դեպքերում պաշտպան ու վրեժխնդիր լինել։