համար, ազնիվ կոչման մարդկանց համար, մեծ ամոթ է այսքան չնչին առիթով իրար սպանելը։
Հազիվ էր ամեն ինչ խաղաղվել, որ ներս մտան ոստիկաններ, որոնք դոն Կիխոտին կալանավորելու հրաման ունեին։ Սանտա Հերմանդադը հրաման էր արձակել կալանավորել նրան թիապարտներին ազատություն տալու համար (հենց դրա համար, որ Սանչոն երկյուղ էր կրում)։ Գլխավոր ոստիկանը վճռեց ստուգել` ճի՞շտ են արդյոք դոն Կիխոտի նշանները, որ հիշատակված են հրամանի մեջ։ Ուստի նա գրպանից հանեց թուղթը, գտավ ուզած տեղը և լավ գրագետ չլինելով, սկսեց վանկ-վանկ կարդալ, ամեն խոսքից հետո դոն Կիխոտի վրա նայելով և համեմատելով դոն Կիխոտի արտաքինի հետ այն նշանները, որ նշված էին հրամանի մեչ։ Վերջապես համոզվեց, որ դոն Կիխոտը այն մարդն է, որին հրամայված է կալանավորել։ Այդ բանում համոզվելուց հետո նա փաթաթեց թուղթը, բռնեց ձախ ձեռքով, իսկ աջով բռնեց դոն Կիխոտի օձիքից այնքան ուժգին, որ մեր ասպետի շունչը կտրեց։ Ոստիկանը գոչեց.
— Հնազանդությո՜ւն Սանտա Հերմանդադին։ Իսկ ով չի հավատում, որ ես Սանտա Հերմանդադի անունից եմ գործում, թող կարդա այս հրամանը։ Նրա մեջ գրված է, որ ես պետք է կալանավորեմ այս ավազակին։
— Իմ տիրոջ խոսքը, թե այս դղյակը կախարդված է՝ ճիշտ է դուրս գալիս։ Այստեղ մեկ ժամ հանգիստ ապրելն անհնար է,— բացականչեց Սանչոն։
Դոն Կիխոտը տեսնելով, որ ոստիկանները կոչ են անում բոլոր ներկա գտնվողներին օգնելու Սանտա Հերմանդադին և պահանջում, որ ավազակը կալանավորված լինի, քմծիծաղ էր տալիս, ապա միանգամայն պաղարյուն կերպով ասաց.
— Մոտ եկեք, ստոր մարդուկներ։ Դուք ավազա՞կ եք անվանում նրան, ով ազատություն է տալիս շղթայակապներին, արձակում է բանտարկյալներին, օգնում դժբախտներին, բարձրացնում ընկածներին, պաշտպանում զրկվածներին։ Օ՜, ստորաքարշ արարածներ, մոտ եկեք, ոստիկան-կողոպտիլներ, Սանտա Հերմանդադի թույլտվությամբ ավազակներ, և ասացեք ինձ այն տգետի անունը, որ ստորագրել է ինձ նման ասպետի կալանավորման հրամանը։ Մի՞թե նրան հայտնի չի եղել, որ թափառական ասպետները ենթակա չեն սովորական դատարանին, որ նրանց օրենքը՝ սուրն է, նրանց օրենսգիրքը՝ արիությունը, նրանց հրամանը՝ սեփական կամքը։ Ո՞վ է, կրկնում եմ, այն բթամիտը, որին անհայտ է եղել, որ ոչ մի ազնվականության թուղթ այնքան առաջնություն ու արտոնություն չի տալիս, որքան շնորհվում է թափառական ասպետին այն օրը, երբ նա օծվում է և իր կյանքը նվիրում ասպետականության դժվարին գործին։ Այն ո՞ր ասպետն է երբևիցե վճարում հարկ ու տուրք, և զանազան մաքսեր։ Այն ո՞ր դերձակն է զգեստ կարելու համար ասպետից փող վերցնում։ Այն ո՞ր դղյակի տերն է, ընդունելով նրան իր մոտ, հաշիվ ներկայացնում։
Մինչդեռ դոն Կիխոտը արտասանում էր իր ճառը, քահանան համոզում էր ոստիկաններին, որ նա խենթ է, մի բան, որ նրանք կարող են դատել նրա խոսքերից ու վարքից և որ կարիք չկա այդ գործն սկսելը, քանի որ միևնույն