Այս էջը սրբագրված է

է, եթե կալանավորեն ու տանեն էլ, հարկադրված են լինելու բաց թողնել որպես խելագարի։

Այն ոստիկանը, որի ձեռքին էր կալանավորելու հրամանը, դրան առարկեց, թե իր գործը դոն Կիխոտի խելագարության մասին դատելը չէ, այլ իր պետի հրամանը ի կատար ածել, և թե կալանավորել կարելի է մեկ անգամ, իսկ բաց թողնել, թե հարկ եղավ, երեք հարյուր անգամ։

— Այնուհանդերձ,— ասաց քահանան,— որքան խելքս կտրում է, այս անգամ ո՛չ ձեզ կհաջողվի նրան բռնել, ո՛չ նա կընկնի ձեր ձեռքը։

Վերջ ի վերջո քահանան կարողացավ համոզել նրանց, իսկ դոն Կիխոտն այնքան գժություններ արեց, որ ոստիկաններն ավելի անխելք կլինեին, եթե չհամոզվեին, որ դոն Կիխոտը խելքից պակաս է։ Ուստի նրանք մեղմացան, անգամ միջնորդ եղան սափրիչի և Սանչո Պանսայի միջև, որոնք շարունակ վիճում էին։

Գալով Մամբրինի սաղավարտին, քահանան, դոն Կիխոտից ծածուկ, տիրոջը վճարեց լագանի համար, նրանից ստացական վերցնելով, որ այլևս ոչ մի պահանջ չի ներկայացնի։

Իջևանատերը, հաշվի առնելով, որ սափրիչը քահանայից ստացավ շնորհակալություն և վնասների հատուցում, դոն Կիխոտին հաշիվ ներկայացրեց օթևանի և տկերի ու գինու վնասի համար, երդվելով, որ բաց լի թողնի գոմից ոչ Ռոսինանտին, ոչ էլ Սանչոյի էշին, մինչև որ չստանա վերջին կոպեկը։

Քահանան այդ էլ շտկեց։ Այսպիսով, վերականգնեց խաղաղությունն ու անդորրությունը։

ԳԼՈՒԽ XXVII
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է ՄԱՆՉԱՑԻ
ԿԱԽԱՐԴՎԱԾ ԱՍՊԵՏԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ
ԵՎ ԱՅԼ ՀԱԶՎԱԴԵՊ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Երկու օր էր արդեն, ինչ այս փայլուն հասարակությունը իջևանատանն էր կենում։ Գնալու ժամը հասել էր։ Վճռվեց այնպես սարքել, որ Դորոթեան ստիպված չլինի ուղեկցելու դոն Կիխոտին մինչև գյուղ։ Քահանան ու սափրիչը նրան պիտի տանեին և տեղում փորձեին բժշկել խելագարությունը։

Այդ նպատակով համաձայնության եկան մի գյուղացու հետ, որ պատահմամբ սայլով անցնում էր այդ ճանապարհով, և վճռեցին՝ տախտակից վանդակի պես մի բան շինել այնպիսի մեծությամբ, որ մեր ասպետր բոլորովին հարմար կարողանար մեջը նստել։ Ապա քահանայի կարգադրությամբ բոլորը շորերը փոխեցին և դիմակներ հագան, այնպես որ դոն Կիխոտը չկարողանար իջևանատան կենվորներին ճանալել։ Այդ ամենն անելուց հետո նրանք, լռելյայն, ներս մտան այն սենյակը, որտեղ ննջել էր դոն Կիխոտը իր ապրած հուզմունքներից հետո։ Նրանք մոտեցան, բռնեցին և արագ-արագ կապկպեցին դոն Կիխոտի ձեռն ու ոտը, այնպես որ երբ մեր ասպետը զարթնեց, նա այլևս ի վիճակի չէր շարժվելու։ Նրա խանգարված երևակայությանը թվաց,