թե այս բոլոր մարդիկ դղյակի կախարդված ուրուներն են, թե նա ինքն էլ, անտարակույս կախարդված է, քանի որ չի կարողանում շարժվել, ոչ էլ պաշտպանվել։ Մի խոսքով, ամեն ինչ կատարվեց այնպես, ինչպես ծրագրել էր այդ խորամանկությունը հնարող քահանան։ Բոլոր ներկա գտնվողներից միայն Սանչոն էր իր սովորական տեսքն ու խելքը պահպանել։ Նա իսկույն ճանաչեց, թե ովքեր են շորերը փոխած մարդիկ։ Սակայն սիրտ չարեց բերանը բանալ, սպասելով, որ տեսնի, թե իր տիրոջ բռնելուց ու գերելուց ինչ դուրս կգա։
Ուրվականները վանդակը բարձրացրին իրենց ուսերին, տարան և դրեցին եզները լծած սայլի վրա։
Քահանան համոզեց ոստիկաններին, որոշ վարձատրությամբ ուղեկցել իրենց մինչև գյուղ։ Մինչև սայլի շարժվելը իջևանատիրոջ կինը, աղջիկը և Մարիտոռնեսը դուրս եկան դոն Կիխոտին հրաժեշտ տալու և, լաց լինելով, ցավակցություն հայտնեցին նրան պատահած դժբախտության առթիվ։
Դոն Կիխոտը պատասխանեց նրանց.
— Միք տխրի, իմ բարի տիրուհիներ։ Այսպիսի աղետները անբաժան են այն ծառայությունից, որին ես նվիրվել եմ։ Եթե նրանք չպատահեին, ես ինձ հռչակավոր թափառական ասպետ չէի համարի։
Եվ դոն Կիխոտը կապկպած ձեռքերով նստած էր վանդակի մեջ, ոտքերը մեկնած և հենված վանդակի պատին, այնքան համբերող և անխոս, որ ավելի շուտ քարե արձան էր հիշեցնում, քան կենդանի մարդ։ Այսպես, համրաքայլ և լռելյայն նրանք անցան մոտ երկու մղոն և հասան մի հովիտ, որտեղ սայլապանը հայտնեց, թե սա հարմար վայր է հանգիստ առնելու և եզներին կեր տալու համար։
Քահանան շուռ եկավ և տեսավ, որ հետևից վեց թե յոթ լավ հագնված ձիավոր են գալիս։ Շուտով սրանք հասան մեր ճամփորդներին։ Տեսնելով այս տարօրինակ թափորը՝ սայլը, ոստիկաններին, Սանչոյին, Ռոսինանտին, քահանային, սափրիչին, վերջապես՝ կապկպված և վանդակի մեջ գցած դո՜ն Կիխոտին, նորեկներից մեկը հարցրեց, թե ինչո՞ւ են այդ մարդուն այսքան տարօրինակ կերպով տանում (թեև տեսնելով հրացանով զինված և գավազանը ձեռքին ոստիկաններին, նա ինքն էլ արդեն կռահել էր, որ գերին վտանգավոր ավազակ կամ ոճրագործ է, որին Սանտա Հերմանդադը մտադիր է պատժելու)։