Ոստիկաններից մեկը պատասխանեց.
— Պարոն, թող այղ ասպետը ինքը բացատրի, թե ինչու են նրան այդ կերպով տանում։ Մեզ ոչինչ հայտնի չէ։
Դոն Կիխոտը, լսելով այս խոսակցությունը, ասաց.
— Պարոնայք ասպետներ, արդյոք բավականաչափ տեղյակ և հմո՞ւտ եք թափառական ասպետության գործերին։ Եթե այո, ապա ես կպատմեմ իմ չարաղետ պատահարները, իսկ եթե ոչ՝ ապա իմաստ չունի, որ բացատրություններով ինքս ինձ հոգնություն պատճառեմ։
Եկվորը, որ հոգևորական էր և վանքի միաբան, պատասխանեց.
— Ճիշտն ասած, որդի, ես բազմաթիվ ասպետական վեպեր եմ կարդացել, այնպես որ դու հանգիստ սրտով կարող ես ինձ ամեն ինչ պատմել։
— Որ այդպես է,— պատասխանեց դոն Կիխոտը,— ապա իմացած եղեք, պարոն ասպետ, որ ինձ կախարդել են նենգ ու նախանձոտ չար կախարդները, ահա թե ինչու են այս վանդակի մեջ տանում ինձ։ Չարամիտներն ավելի ուժգին են ատում առաքինությունը, քան բարեմիտներն են սիրում։ Ես թափառական ասպետ եմ, բայց ո՛չ նրանցից, որոնց երբեք չի հիշատակում անմահություն շնորհող Փառքը, այլ նրանցից, որոնց վիճակված է գրել իրենց անունը անմահության տաճարում, որպեսզի նմուշ և օրինակ դառնան գալիք սերունդների համար։
Քահանան այստեղ մեջ մտավ.
— Պարոն դոն Կիխոտ Մանչացին արդարացի է։ Նա իրոք նստած է այս սայլի վրա՝ կախարդված։ Այն էլ ոչ թե իր մեղքերի և ոճրագործությունների համար, այլ չարագործների դավադրությունների հետևանքով, որոնց համար առաքինությունն անտանելի է և արիությունն՝ ատելի։ Մեր առջև է Վշտակերպ Ասպետը, որի մասին, դուք, երևի, լսած կլինեք։ Նրա փառապանծ գործերը, մեծամեծ սխրագործությունները երբևիցե պիտի գրվեն ամուր բրոնզի և մշտնջենական մարմարի վրա, որքան էլ նախանձը ճգնի նսեմացնել, իսկ չարամտությունը՝ սևացնել։
Այստեղ Սանչո Պանսան, որ մոտեցավ լսի, թե ինչից են խոսում, կամենալով գործի էությունը պարզել, հայտարարեց.
— Պարոննե՛ր, դուք կարող եք ինձ գովել կամ պարսավել, բայց ես ձեզ կասեմ, որ իմ տեր դոն Կիխոտը կախարդված է նույնպես, ինչպես իմ մայրը։ Նրա խելքը տեղն է։ Նա ուտում, խմում և բավարարում է իր բնական պահանջները, ինչպես այլ մարդիկ, ճիշտ այնպես, ինչպես երեկ նախքան նրան վանդակի մեջ գցելը։
Եվ, դառնալով քահանային, նա շարունակեց.
— Ա՜խ, պարոն քահանա, պարո՜ն քահանա, մի՞թե ձերդ ողորմածությունը կարծում է, որ ես ձեզ չճանաչեցի։ Մի՞թե դուք ենթադրում եք, որ ես հոտ չեմ առել և չեմ գլխի ընկել, թե ուր են տանում բոլոր այս նոր կախարդանքները։ Եթե ձերդ արժանապատվությունը չլիներ, իմ տերը հիմա ամուսնացած կլիներ Միկոմիկոնի թագաժառանգուհու հետ, իսկ ես առնվազն կոմս կդառնայի։ Մե՜ղք իմ կինն ու երեխաները։ Նրանք ամենայն իրավամբ կարող էին հուսալ, որ իրենց հայրը տուն կդառնա որպես վարչապետ որևէ կղզու կամ որևէ թագավորության փոխարքա, մինչդեռ հիմա ես վերադառնում