Կիխոտի կոկորդը, որ անշուշտ խեղդամահ կաներ նրան, եթե նույն վայրկյանին վրա չհասներ Սանչո Պանսան։ Հավատարիմ զինակիրը բռնեց հովվի ուսերից, և նրանք երկուսով գլորվեցին սփռոցի վրա, ջարդուփշուր անելով ափսեները, թասերը, թափելով դրանց բովանդակությունն ու ցաքուցրիվ տալով։
Դոն Կիխոտը, ազատվելով, նորից հարձակվեց այծարածի վրա։ Հովիվը արյունլվա, Սանչոյից սաստիկ ջարդ կերած, սկսեց սողալ փորի վրա դեպի սփռոցը, աշխատելով գտնել դանակից-բանից, որ արյունոտ դատաստան տեսնի։
Սակայն վանականն ու քահանան արգելք եղան։ Իսկ սափրիչն այնպես սարքեց, որ այծարածին հաջողվեց դոն Կիխոտին տակովն անել և մեր խեղճ ասպետի վրա հարվածների այնպիսի կարկուտ տեղաց, որ նրա քթից նույնքան արյուն թափվեց, ինչքան հովվի քթից։
Վանականն ու քահանան մեռնում էին ծիծաղից, ոստիկանները ցատկոտում բավականությունից և կռվողներին քը՜ս էին անում իրար դեմ, ինչպես կռվող շներին։ Մենակ Սանչոն էր հուսակտուր, որովհետև ինչ էլ չէր անում, չէր կարողանում դուրս պրծնել վանականի ծառայի ձեռքից, որ օգնության հասնի իր տիրոջը։
Վերջապես, այծարածը բաց թողեց դոն Կիխոտին, բոլորին հրաժեշտ տվեց և հեռացավ։ Ոստիկանները հրաժարվեցին ճամփան շարունակել։ Քահանան վճարեց, ինչ որ հասնում էր և բաց թողեց նրանց։ Վանականը խնդրեց քահանայից, որ իրեն իմաց անի, թե ինչով վերչացավ դոն Կիխոտի պատմությունը՝ բժշկվե՞ց նա իր խելագարությունից, թե ոչ։
Այսպիսով բոլորն անջատվեցին իրարից և գնացին տարբեր կողմեր։ Մնացին միայն քահանան, սափրիչը, դոն Կիխոտը, Սանչո Պանսան և բարի Ռոսինանտը, որ՝ ինչ էլ հետը պատահեր, տանում էր նույնպիսի համբերատարությամբ, ինչպես և իր տերը։
Սայլապանը լծեց եզները, դոն Կիխոտին նստեցրեց մի խորոմ խոտի վրա և, իր սովորական անդորրությամբ, գնաց քահանայի ցույց տված ճամփով։
Վեց օր անց նրանք տեղ հասան և մտան դոն Կիխոտի գյուղը, օրը ցերեկով։
Գյուղացիները հավաքվեցին, որ տեսնեն, թե ով է սայլով եկել և, ճանաչելով իրենց համագյուղացուն, ապուշ կտրեցին։ Ինչ-որ տղա վազ տվեց լուրը տանի դոն Կիխոտի տնտեսուհուն և քրոջ աղջկան, որ եկել է մեկի տերը, մյուսի՝ քեռին, մաշված ու դեղնած, եզներով լծած սայլով, պառկած մի խորոմ խոտի վրա։
Լսելով դոն Կիխոտի վերադարձի մասին, Սանչո Պանսայի կինն էլ վազեվազ եկավ։ Նրան հայտնի էր, որ իր մարդը գնացել է մեր ասպետի հետ,